Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Մեկ վայրից տեղեկանալ սիրիահայերին ուղղված նախաձեռնություններին. սիրիահայերի կենտրոնը տեղեկատվական նոր ծրագիր է սկսում


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը տարեկան աշխատում է շուրջ 3 հազար սիրիահայ ընտանիքի հետ: Կազմակերպության նախագահ Ջորջ Բարսեղյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ սիրիահայերի շրջանում դեռ կան ընտանիքներ, որոնք իսկապես ուշադրության կարիք ունեն:
«Նախորդ տարին բավական դրական էր, զգալի աշխատանք կատարվեց, իրականացվեցին մի շարք ծրագրեր: Մենք հնարավորինս անում ենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր կարիքավորին հասնի մեր օգնությունը՝ լինեն հագուստ, սնունդ, խաղալիք, հիգիենիկ պարագաներ, ուսանողների հետ կապված ծախսեր, թե բնակարնների վարձը և այլն»,-ասաց Ջորջ Բարսեղյանը:
Հայաստանի պետական կառույցների, ինչպես նաև միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ աշխատելով՝ կազմակերպությունը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ աշխատանք տանելով յուրաքանչյուր սիրիահայ ընտանիքի հետ: Նա ընդգծեց, որ ծրագրերին աջակցում են Սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ը,  GIZ-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԲԸՄ-ն, «Ամքոր Հայաստան»-ը, Հայ ավետարանչական ընկերակցությունը, «Իզմիրյլյան հիմնադրամ»-ը,  «Առաքելություն Հայաստան»-ը, «Գյուլբենկյան հիմնադրամ»-ը և այլն:
Տրամադրվող աջակցությունից ամենահիմնականներից Ջորջ Բարսեղյանն առանձնացրեց բժշկական ծառայությունը: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի գրասենյակի երկրորդ հարկում շարունակում է գործել «Կլաուդիա Նազարյան» կլինիկան, որն աշխատում է ՀԲԸՄ-ի հովանու ներքո: Այնտեղ թերապևտը, մանկաբույժը, սրտաբանը, գինեկոլոգը, ակնաբույժը, մաշկաբանը պատրաստ են ընդունել առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերին: Այդ ամենը գործում է բարեգործական նպատակով: Անհրաժեշտության դեպքում դեղորայքը ևս տրամադրվում է անվճար: 
«Մեր ռազմավարությունը հետևյալն է` եթե կարողանում ենք մեկ դրական բանով օգնել ընտանիքին, բարելավել նրանց ապրելու պայմանները, ապա մենք չենք զլանում: Ուզում եմ ընդգծել, որ Սփյուռքի նախարարությունը՝ ի դեմս նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի, ինչպես նաև նրան հաջորդած Մխիթար Հայրապետյանի, մշտապես կանգնած են սիրիահայերի կողքին: Առաջին իսկ վարկյանից նախարարությունը թև ու թիկունք է եղել, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել բոլոր հարցերում: Ամեն սիրիահայ մեկ պատճառ ունի շնորհակալ լինելու Սփյուռքի նախարարոթյանն անցած տարիների ընթացքում տրամադրած ծառայության համար: Հաճելի կլիներ ասել, որ 2018- ին քիչ ենք աշխատել, որովհետև սիրիայերի վիճակը բարելավված է, սակայն այդպես չէ: Կարող ենք ասել, որ նույնն է, ինչ 2017-ին»,-ասաց  նա: 
Ընդհանուր առմամբ, սիրիահայերի վիճակը շատ չի տարբերվում Հայաստանի մյուս բնակիչներից: Կրկին աշխատանքի խնդիր կա, առկախված են նյութական հարցերը, գումարած դրան, սիրւահայերի հիմնական մասը վարձակալությամբ է ապրում: Բնակվարձի հետ կապված առաջ են քաշվել տարբեր ծրագրեր, սակայն շոշափելի արդյունքների դեռ չեն հասել: Անցած տարիներին եղել են բարերաներ, կազմակերպություններ, որոնք ծանր կարիքավորների բնակարանային վարձը մի քանի ամիս փոխահատուցել են, սակայն դրանք ժամանակավոր լուծումներ են: 
Խոսելով Հայաստանում բնակվող սիրիահայերի շրջանում միգրացիոն միտումներից՝ Ջորջ Բարսեղյանը նշեց, որ մեկ ուղղությամբ ընդհանուր ալիք չկա, յուրաքանաչյուր ընտանիք իր որոշումն ունի: Մասնավորապես, կան ընտանիքներ, որոնք վերադառնում են Սիրիա իրենց ունեցվածքը վաճառելու և Հայաստանում վերջնական հաստատվելու համար: Նրանք այն բախտավորներն են, որոնք կարողացել են ինչ-որ գործ դնել այստեղ: Կան ընտանիքներ, որոնց հիմնական մասը շարունակում է մնալ Հայաստանում, սակայն արտագնա աշխատանքի համար տղամարդիկ տեղափոխվել են Սիրիա: Ոմանք էլ ընդհանրապես ընտանիքներով վերադառնում են Սիրիա: 
«Այդ ամենն արվում է երկրում առկա դժվարություններից ելնելով: Քաղաքական առումով հեղափոխություն եղավ, սակայն այդ ցնցմանը համապատասխան դեռ տնտեսական արդյունքներ չկան: Իհարկե, հասկանում ենք, որ տնտեսական վերելքը, կոռուպցիայի վերացումը մեկ օրում չի արվում, սակայն, իմ կարծիքով, ամեն դեպքում գործընթացը դանդաղ է ընթանում»,-ասաց նա: 
Ինչ վերաբերում է կազմակերպության առաջիկա անելիքներին, ապա ծրագիր են իրականցնում «Հայկական կարիտաս»-ի, Հայկական կարմիր խաչի, ՓՄՁ համագործակցության ընկերակցության հետ: Նպատակն է հնարավորություն ստեղծել, որ մեկ պատուհանի սկզբունքով սիրիահայերը կարողանան տեղեկանալ, թե Հայաստանում պետական կառույցների, միջազգային, հասարակական կազմակերպությունների կողմից իրենց ուղղված ինչ ծրագրեր են իրականացվում: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ը մանրամասն հավաքագրելու է յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ տեղեկատվոթյուն և ինչպես Սփյուռքի նախարարության կայքի, այնպես էլ համապատասխան բրոշյուրների միջոցով տեղեկացնելու են սիրիահայ ընտանիքներին: 
Աննա Գզիրյան



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ