Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում 
նշանակվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա նշանակվելու առթիվ՝ հույս հայտնելով, որ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել Է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունները հիմնվում են բարեկամության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ երկրները արգասաբեր համագործակցության զգալի փորձ են կուտակել տարբեր բնագավառներում:

«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը եւ համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, համապատասխանում Է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,-ասված Է ՌԴ նախագահի հեռագրի տեքստում:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. մայիսի 8-ից: 2018թ. հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական տվեց, ապա խորհրդարանի կողմից երկու անգամ վարչապետ չընտրելու հիմքով դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքներով ԱԺ-ում առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88 պատգամավորով, որն էլ առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ