ԿԳՆ-ն դպրոցականների և երիտասարդների շրջանում կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ է հայտարարել
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, info@edu.am էլփոստին:
Թեման պետք է կապ ունենա կիբեռանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբեռհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։
Տեսանյութի տևողությունը պետք է լինի 1-5 րոպե, լեզուն՝ հայերեն, մասնակիցների առավելագույն տարիքը 25-ն է: Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում ևՖեյսբուքյան էջում:
Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում