Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

ՀՀ նախագահը մատնանշեց նոր խորհրդարանի և պետական մարմինների առջև ծառացած առաջնահերթ խնդիրները


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների հաջողությունը մեծապես պայմանավորված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Պատմություն դարձած 2018թ.-ը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքական, քաղաքական հոգու բազմաթիվ դրսևորումների տարի էր: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ու միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը: Սկսում է հաջորդ՝ հույսերի և խոստումների արդարացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան: Ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից, և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կյանքին»,- ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանն իր ելույթում մատնանշեց այն առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են Ազգային ժողովի և պետական մարմինների առաջ:

«Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Այդ դրույթը ոչ թե փաստի արձանագրում է, այլ պետության համար կարևորագույն սկզբունք, նպատակ: Նպատակ, որը երբեք չի կարելի համարել լիարժեքորեն իրականացված: Նպատակ, որին պետք է ձգտել մշտապես կատարելագործելով ու անցնելով երկար ճանապարհ: Այսպիսով՝ նոր Հայաստան կառուցելու համար դեռ բազում և լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում: Առաջնային հարց է մնում ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը: Ներկայումս թե իրավական հարթության վրա, թե գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ: Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքներն ու ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության բաղկացուցիչ կարևորագույն մասը: Հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում»,- նշեց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նոր Ազգային ժողովին մաղթեց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ