Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Քննարկվեցին ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված մի շարք հարցեր


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում հունվարի 11-ին քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի հսկողության  խստացման հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Սևանա լճում ձկնորսության արգելման մասին համաձայնագիր ստորագրած կառույցների ներկայացուցիչներ,  ափամերձ համայնքներից ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ:

 Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր դժգոհությունն հայտնեց վերջին օրերին արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման  ընթացքի վերաբերյալ:

 «Ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման  ընթացքը, մեղմ ասած,  գոհացուցիչ չէ: Շատ շատերը թերահավատորեն են մոտենում քառակողմ համաձայնագրի կյանքի կոչմանը: Մենք պետք է հասկանանք և ընդունենք մի փաստ. ձվադրման շրջանում Սևանա լճում ձկնորսության արգելքը  դա ազգային և պարենային անվտանգության  խնդիր է: Մենք պետք է գնանք ձկնորսության ոլորտի կանոնակարգման»,-  դիմելով ներկաներին նշեց   Գեղարքունիքի մարզպետը:

Արգելքի հսկողության խստացման  հետ կապված միջոցառումների  իրականացման ընթացքի մասին խոսեցին  ՀՀ ոստիկանության  պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանը և Վարդան Մովսիսյանը, ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը, «Սևան» ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը: Նրանք հորդորեցին ձկնորսների ներկայացուցչական խմբին՝ մինչև 2019 թվականի հունվարի 20-ը ձեռնպահ մնալ լիճ մտնելուց և խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը: Պաշտոնյաները հավաստիացրին ձկնորսներին, որ առաջիկայում կներդրվի արտոնագրային ձկնորսության նոր կարգը, ամեն ինչ կբերվի օրենքի դաշտ, որից կշահեն և ձկնորսները և պետությունը: Ձկնորսները խոստացան պահպանել սահմանված կարգը՝ ակնկալելով , որ արտոնագրային նոր կարգը հնարավորինս շուտ կդրվի գործողության մեջ: 

«Մենք պետք է հաշվի առնենք, որ պատերազմական իրավիճակի մեջ գտնվող երկիր ենք, ուստի պետք է ամենայն պատասխանատվությամբ պահպանենք Սևանա լճի ձկնապաշարը և պայմաններ ստեղծենք նրա վերարտադրության համար, որպեսզի կարողանանք   ցանկացած իրավիճակներում  խուսափել անցանկալի զարգացումներից»,- խորհրդակցությունն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ