Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Երթևեկության կանոնների վերաբերյալ փաթեթ է մշակվում. ներառված է նաև մեքենաներում մանկական նստատեղերի առկայության հարցը

Երթևեկության կանոնների վերաբերյալ փաթեթ է մշակվում. ներառված է նաև 
մեքենաներում մանկական նստատեղերի առկայության հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից մշակվում է Ճանապարհային երթևեկության կանոններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաթեթ, որտեղ ներառված է նաև տրանսպորտային միջոցներում մանկական նստատեղերի առկայության հարցը:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը նշել է, որ վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մինչև 16 տարեկան անչափահաս անձանց մասնակցությամբ զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աստիճանաբար նվազել է:

«ՃՏՊ-ների թիվը նվազել է, սակայն մինչև 16 տարեկանների շրջանում զոհերի թիվը գնալով աճել է: 2018 թվականի 9 ամսվա դրությամբ արդեն իսկ տեղի է ունեցել  341 ՃՏՊ, զոհվել է 18 անչափահաս, վիրավորվել՝ 404-ը: 2017 թվականին՝ 438 ՃՏՊ, զոհվել է 14 անչափահաս, վիրավորվել՝ 509-ը»,- ասել է Կարապետյանը:

Ոստիկանության վիճակագրական տվյալների համաձայն 2014 թվականին տեղի է ունեցել 359 ՃՏՊ, որի պատճառով զոհվել է 15 անչափահաս, վիրավորվել՝ 400-ը, 2015-ին՝ 399 ՃՏՊ, զոհվել է 17 անչափահաս, վիրավորվել ՝ 445-ը, իսկ 2016-ին՝ 328 ՃՏՊ, զոհվել է 10 անչափահաս, վիրավորվել՝ 367-ը:

2007 թվականի հունիսի 27-ի Կառավարության 955-Ն որոշման համաձայն մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումն արգելվում է բեռնատար ավտոմոբիլների թափքում, մոտոցիկլետների ետևի նստատեղին, մարդատար ավտոմոբիլների առջևի և հետևի նստատեղերին, եթե դրանք կահավորված չեն հատուկ հարմարանքներով:

ՀՀ վարչական օրենսգրքում կա համապատասխան կետ՝ մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելը դասվում է վարորդների կողմից ուղևորների փոխադրման կանոնները խախտելու հատկանիշին, ինչը նախատեսված է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով և 5000 ՀՀ դրամ տուգանք է նշանակվում:

Վիճակագրական տվյալների պատկերին նայելով՝ պարզ է դառնում, որ երեխաների մի մասը զոհ է դարձել մեքենայում մանկական նստատեղ չլինելու պատճառով: Այսինքն՝ ստացվում է, որ օրենքն ավելի պետք է խստացվի կամ այնտեղ փոփոխություններ կատարելուց հետո ՃՈ-ն ավելի պահանջկոտ լինի մինչև 12 տարեկան երեխա կամ երեխաներ փոխադրող վարորդների նկատմամբ:

2018 թվականի 9 ամսում մահացած 18 անչափահաս փոքրիկներից մեկը, ով 1 տարեկան էր, մահացել էր տաքսի ծառայություններից մեկի մեքենայի և մեկ այլ մեքենայի բախման հետևանքով: Երեխան ծնողների հետ եղել էր տաքսի ծառայության մեքենայի մեջ, որտեղ չի եղել մանկական հատուկ նստատեղ: Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 24-ին, ինչից հետո նախաձեռնություն էր սկսվել՝ #CarSeatGivesChance (անգլ.- ավտոմեքենաների մանկական նստատեղերը հնարավորություն են տալիս), որին սկսել էին մասնակցել բազմաթիվ ծնողներ: Ելնելով այս հանգամանքից և գնալով այս դեպքի հետքերով՝ «Արմենպրես»-ը զրուցել է փոքրիկ և անչափահաս երեխա ունեցող ծնողների հետ՝ պարզելու, թե արդյոք կա՞ հանրային շահ ավտոմեքենաներում մանկական նստատեղեր տեղադրելու օրինականացման համար:

Առաջինը խոսեցինք հենց ապրիլի 24-ին մահացած փոքրիկի մոր՝ Տաթև Սեկոյանի հետ, ով նշեց, որ նախաձեռնությունը սկսել են իրենց ընկերները, և այն անմիջապես շատ լայն տարածում է գտել:

«Ակցիայի սկսվելուց որոշ ժամանակ անց, տաքսի ծառայություններից մեկը հայտնեց, որ իրենք շուտով կունենան նմանատիպ նստատեղերով կահավորված մեքենաներ, և հենց այդպես էլ եղավ: Իրենց հետևեց նաև մեկ այլ տաքսի ծառայություն»,- ասաց Տաթևը և հավելեց, որ այդ դեպքից հետո անհատների մեքենաներում մանկական նստատեղերով կահավորման աճի միտում է նկատում:

Նրա խոսքով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նույնպես ակտիվությունը և հետաքրքրվածությունը մեծ է, ինչը նկատում է հենց իր էջում գրառումների տակ մեկնաբանությունների արձագանքներից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ 4-ամյա երեխայի մայրը՝ Անի Դանիելյանը, նշեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով ավտոմեքենայում մանկական նստատեղ ունենալը կարևոր  և անհրաժեշտ ատրիբուտ է:

«Իմ բալիկը 4 տարեկան է, ծնված օրից ամուսնուս հետ գնել ենք ավտոմեքենայում մանկական նստատեղ՝ կարևորելով դրա դերը, սակայն փոքրիկս մինչ հիմա չի հարմարվել դրան, և ամեն անգամ հրաժարվում է նստել: Ինչպես մի շարք երկրներում, կարծում եմ, մեզ մոտ ևս պետք է օրենսդրության մեջ ամրագրվի և պարտադիր օգտագործվի այն»,- ընդգծեց Անի Դանիելյանը:

Նա շատ բարձր գնահատեց Հայաստանում գործող մի քանի տաքսի ծառայության նախաձեռնությունը՝ մեքենայում երեխաների համար նախատեսված նստատեղերի հետ կապված:

«Մեզանից որևէ մեկը ապահովագրված չէ վթարներից և, եթե կարելի է ինչ-որ կերպ կանխել դրանց անդառնալի հետևանքները, ապա ինչո՞ւ չանել»,- շեշտեց 4-ամյա երեխայի մայրը:

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Էրիկ Անթառանյանը, ով նաև #CarSeatGivesChance նախաձեռնությանը մասնակցած անձանցից մեկն է, նշեց, որ հետևողական է ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև շրջապատի, ընկերների ընտանիքների նկատմամբ։

«Մի բան հստակ է, արդեն երբ նույնիսկ ընկերներիդ երեխաներն են նստում մեքենադ, ևւ այնտեղ մանկական նստատեղ կա, զարմացած չեն նայում, թե սա ի՞նչ է սուս փուս նստում, ու ամրակապվում են: Ուրախալի է տաքսի ծառայությունների որոշ մեքենաներում մանկական նստատեղերի առկայությունը... Կարելի է ասել սառույցը կոտրվեց: Այդ մասին խոսեցին։ Հիմա ժամանակն է հանդես գալ նաև օրենսդրական նախաձեռնությամբ ու դա պարտադիր դարձնել ու չկիրառելու դեպքում ենթարկել վարչական պատասխանատվության»,- ասաց Անթառանյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ առանց իրավակարգավորման հնարավոր չէ պարտադրել տաքսիներում մանկական նստատեղեր ունենալ:

«Տաքսի ծառայությունների մեծ մասում բացակայում են երեխաների համար նստատեղերը, բայց մենք պետք է հասկանանք, որ հանրությունը կարող է և՛ ցանկանալ, և՛ պահանջել դրանց առկայությունը: Սակայն պահանջել կարող ենք այն դեպքում, երբ պարտավոր են, այսինքն՝ երբ կա իրավակարգավորում: Առանց դրա հանրությունը չի կարող պահանջել անհատ տաքսու վարորդին կամ տաքսի ծառայության տնօրենին մեքենայում ունենալ մանկական նստատեղ»,- նշեց Պիպոյանը:

Նրա խոսքով՝ կա հանրային պահանջի ձևավորման հարց ևս։ Այսինքն՝ հանրությունը պետք է բիզնեսին ազդակներ տա, որ նա ունի այդ մանկական նստատեղերի կարիքը:

Պիպոյանը շեշտեց, որ երբ բիզնեսը տեսնի, որ մեծ պահանջ կա, ապա անպայման ներդրում կանի, և ընդհանուր պայմանավորվածություն կարելի է ձեռք բերել, որպեսզի, օրինակ՝ 100 դրամ ավելին վճարել նման ծառայությունից օգտվելու համար:

«Տաքսին բիզնես է, և նորմալ կլինի, որ ավելի գումար գանձի ուղևորից, ով ցանկանում է օգտվել այդ ծառայությունից»,- ասաց մասնագետը և հավելեց, որ անհատ տաքսիստներին չի կարելի անգամ օրենքով պարտադրել:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am