Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քառօրյա պատերազմի վերաբերյալ գաղտնի նյութեր եմ կարդացել և ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության մասին. Փաշինյան

Քառօրյա պատերազմի վերաբերյալ գաղտնի նյութեր եմ կարդացել և  ոչինչ չեմ գտել 
հետախուզական տվյալների բացակայության մասին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի  ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշման շուրջ քննարկումներին ու քննադատություններին: Արշակ Կարապետյանը Հայաստանի  ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, ընդգծեց՝ նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության,  ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ:  Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին այդ իրադարձությունների արդյունքում գործից հանել է Սերժ Սարգսյանը, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը փաստորեն արդար դատավոր է, և  այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ  հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ թեմայի շուրջ հնչող հարցերը վկայում են այն մասին, որ մեր հանրությունը, մենք բոլորս ունենք շատ հարցեր ապրիլյան պատերազմի վերաբերյալ: «Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հանգիստ գտնենք այդ հարցերի պատասխանները: Դրանց այն մասը, որը հնարավոր է ներկայացնել հանրությանը, պետք է ներկայացնենք հանրությանը:

Նա հավելեց, որ քառօրյա պատերազմի մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, և դա իմացել են բոլորը: «Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ նախկինում տեղի ունեցած մանրամասների վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մենք այդ գնահատականները պետք է գտնենք»,- նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին, թե ո՞վ է առաջարկել Արշակ Կարապետյանի թեկնածությունը վարչապետի խորհրդականի պաշտոնում, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ ոչ ոք չի առաջարկել, ինքն է այդ որոշումը կայացրել: «Համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի: Ես արդեն ասացի, որ մենք պետք է մտածենք բարձրացված գլոբալ հարցերի պատասխանները գտնելու վերաբերյալ, իսկ եթե որևէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում նա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխանելու»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել՝ Փաշինյանը նշեց, որ  այս ընթացքում բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք որոշակի տեղեկություններ են և  դեռ ստուգման կարիք ունեն: «Ես գիտեմ, որ այդպիսի վարկած եղել է, որը լայնորեն քննարկվել է: Մի բանում կարող եք չկասկածել, որ մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ առաջին հայացքից դրանք կարող են հակառակ տպավորություն թողնել»,- ընդգծեց նա:

Փաշինյանը խոսեց նաև սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի մասին, որում իր կողմնակիցները, այս պահին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տարակուսանք են հայտնում, որ Արշակ Կարապետյանը ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից ռազմական կցորդ: Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ եթե ինչ-որ հայտարարություն որևէ մեկի հասցեին հնչում է բանավոր, դա չի նշանակում, որ  այդ մարդու հասցեին կայացվել է դատավճիռ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am