Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արմենպրես»-ը վստահություն է ներշնչում լրատվության սպառողներին. Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գործակալությանը 100-ամյակի առթիվ

«Արմենպրես»-ը վստահություն է ներշնչում լրատվության սպառողներին. Դավիթ 
Տոնոյանը շնորհավորել է գործակալությանը 100-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունն արդեն մեկ դար շարունակ ունի իր հաստատուն տեղը հայկական լրատվական դաշտում և հանդիսանում է վստահելի տեղեկատվության աղբյուր, որից օգտվում են և՛ Հայաստանի, և՛ արտերկրի շատ ու շատ լրատվամիջոցներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` շնորհավորելով լրատվական գործակալությանը հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

««Արմենպրես»-ը հստակ ձևավորված և պրոֆեսիոնալ ավանդույթներ ունեցող կազմակերպություն է, որը վստահություն է ներշնչում լրատվության սպառողներին: Ես մշտապես հետևում եմ ձեր նորություններին և կարող եմ ասել, որ «Արմենպրես»-ը ոչ միայն տեղական և միջազգային լուրերի փոխանցման անկողմնակալ աղբյուր է, այլև բարձր է պահում հայկական մամուլի վարկանիշն արտերկրում»,- նշեց Տոնոյանը՝ կարևորելով լրատվական գործակալության սերտ համագործակցությունը բանակի հետ՝ զինված ուժերի բնականոն կենսագործունեության անաչառ լուսաբանման շուրջ։

Դավիթ Տոնոյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը աշխատանքային առաջընթաց, ինչպես նաև լրատվական դաշտը հզորացնելու և կատարելագործելու համար մեկդարյա աշխատանքով ձեռք բերված փորձառությունը ներդնելու հնարավորություն մաղթեց:

«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ՝ այն թողարկում է պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, լուսանկարչական նորություններ:

«Արմենպրեսի» թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:  Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]