Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Միջազգային ցուցահանդեսներից մինչ երիտասարդ նկարիչներին աջակցություն. Նկարիչների միության նախագահի թեկնածուները ներկայացրեցին ծրագրերը

Միջազգային ցուցահանդեսներից մինչ երիտասարդ նկարիչներին աջակցություն. 
Նկարիչների միության նախագահի թեկնածուները ներկայացրեցին ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նկարիչների միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու. միության անդամներ Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը և Սուրեն Սաֆարյանը: Նախապես առաջադրված 4-րդ թեկնածուն՝ Հաղթանակ Շահումյանը ինքնաբացարկ ներկայացրեց:  Թեկնածուները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը՝ կարևորելով միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, երիտասարդ նկարիչներին աջակցություն տալը և շատ այլ հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածուներն առաջադրվեցին դեկտեմբերի 15-ին՝ միության 19-րդ համագումարում, որի օրակարգում  նախագահի ընտրության հարցն է:

Միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանը նկատեց, որ միությունում փոփոխությունների կարիք կա:

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հետին պլան մղեց բազմաթիվ բացասական երևույթներ: Եվ այստեղ ավելի քան երբևէ հարկավոր են նոր ծրագրեր: Ոչ պակաս կարևոր է այն փորձը, որ թեկնածուն ունեցել է մինչ առաջադրումը: Ամեն ինչ կանեմ, որ ԱԺ-ն ընդունի Ստեղծագործական միությունների մասին օրենքը: Օրենքում հստակեցված է ստեղծագործական միությունների և պետական մարմինների կապը, կոչումների շնորհման կարգը»,-ասաց նա ու մեծապես կարևորեց նաև երիտասարդ ստեղծագործողներին աջակցության տրամադրումը, արվեստանոցների տրամադրումը:

Խաչիկ Աբրահամյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքները: «Ամենակարևորն այն է, որ ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ ես այս գործի պրոֆեսիոնալ եմ: Ես արդեն 30 տարի է, ինչ աշխատում եմ այդ ոլորտում: Այս 30 տարվա մեջ կազմակերպել եմ և կազմակերպելու եմ ցուցահանդես-վաճառքներ աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց թեկնածուն:

Թեկնածու Սուրեն Սաֆարյանը նշեց, որ հասունացել են լուծման բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ: Առաջիկա անելիքների թվում շեշտադրեց ապագա նախագահի գործունեության թափանցիկությունը։ «Մեր ենթակառույցների, ներառյալ ստեղծագործական տների նպատակային օգտագործում պետք է լինի: Միությանը պատկանող Ծաղկաձորի ստեղծագործական տան փոխանակման և արդի ժամանակին համապատասխան նոր տարածքում համալիրի վերակառուցման աշխատանքներն արդեն գտնվում են գործնական փուլում»,-նշեց նա:

Հաղթանակ Շահումյանն իր ելույթում  նշեց, որ միությունը վերածննդի կարիք ունի: «Մենք պետք է ծանոթանանք միության բոլոր փաստաթղթերին: Եղել են շատ գործեր, որոնք վնաս են բերել միությանը: Միությունն առաջին հերթին կարիք ունի իր ունեցած տարածքների ամրագրմանը»,-ասաց նա ու հավելեց, որ ինքնաբացարկ է ներկայացնում:

Այս տարվա հունիս ամսից սկսած միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:

Նրանք նշում էին, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրելու համար, սակայն համագումարը տեղի չի ունեցել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն էր ներկայացնում այդ հարցի շուրջ` շեշտելով, որ  ամեն անգամ ընտրություններին ավելի շատ ձայներ է ստացել: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն իրեն ձայն է տվել: Երբ իրեն  հարցրել են, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել, նա պատասխանել է, որ այն պետք է լինի 2018 թվականին: Ինքը կամ վարչությունն իրավասու չեն եղել որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]