Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում

Հայաստանի համար նոր  հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության 
ճիշտ կիրառման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց 2019թ-ին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին։ 

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ երեք մարմիններում՝ Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում նախագահությունը փոփոխվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։ 

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանի համար բացի պատասխանատվությունից, ենթադրում է նաև հավելյալ հնարավորություններ, որոնք լավագույնս օգտագործելու դեպքում ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է ծառայել Հայաստանի շահերին: Հասկանալու համար, թե ինչպես է գործում ԵԱՏՄ նախագահությունը, պետք է պատկերացում կազմել Եվրասիական տնտեսական միության կառավարման մարմինների մասին։ Ինֆոգրաֆիկայում ներկայացված են ԵԱՏՄ երեք մարմինները՝ Բարձրագույն խորհուրդը, Միջկառավարական խորհուրդը և Հանձնաժողովի խորհուրդը, դրանց հիմնական ֆունկցիաները և խնդիրները, ինչպես նաև՝ կազմը և կառուցվածքը։ 

Հայաստանը նախագահության շրջանակներում պետք է մշակի ճանապարհային քարտեզ և հստակեցնի գործողությունների առաջնահերթությունները։ Իր նախագահության ընթացքում՝ 2017 թվականին Ռուսաստանն առաջադրել էր 4 հիմնական նպատարկներ.
1.   ԵԱՏՄ տարածքում ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի ձևավորման գործընթացքում ներքին արգելքների և սահմանափակումների վերացում,
2.   Ազգային կառավարման համակարգի կատարելագործում, որի շրջանակներում հունվարի 1-ից գործել է ԵԱՏՄ  Մաքսային կոդեքսը,
3.   Տնտեսության թվայնացման գործընթացի շարունակականության ապահովում, այդ թվում էլեկտրոնային առևտուր, ապրանքների հոսքերի հսկողություն մաքսային և այլ ոլորտներում,
4.   Ազատ տնտեսական գոտիների ձևավորման շարունակական ապահովում Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Սերբիայի և Սինգապուրի հետ։

Հատկանշական է, որ մատնանշված առաջնահերթությունները ամբողջովին չեն իրականացվել, ուստի, 2019 թվականին սպասվում է ինտեգրացիոն գործընթացների ակտիվ փուլ, որում Հայաստանը պետք է ունենա ոչ պակաս դերակատարում։ Այսպիսով, Հայաստանի առջև ծառացած են հետևյալ խնդիրները. առևտրի ծավալների մեծացումը և դրան խոչընդոտող գործոնների վերացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, ֆինանսական համակարգերի մոտարկման հեռանկարները, թվային օրակարգի կյանքի կոչումը, էներգետիկ ոլորտը, մասնավորապես՝ նավթագազային ընդհանուր շուկայի ստեղծման հարցը։ 

Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման նպատակով 2019 թվականին ուրվագծվում է 3 հիմնական նախաձեռնությունների իրականացում. Առաջինը՝ Եվրասիական ոսկերչական գրասենյակի ձևավորումն է` ոսկերչական խոշոր ձեռնարկությունների ներգրավմամբ, որոնց «մարկետմեյքերների» (շուկայի ստեղծող) կարգավիճակ կտան ու պետությունից ֆինանսական օգնություն կստանան։ Երկրորդ ուղղությունը լուսատեխնիկական ոլորտն է, երրորդը՝  թվային օրակարգն է։ Երկրների ղեկավարներն արդեն հաստատել են ԵԱՏՄ թվային փոխակերպման օրակարգը։

Հաշվի առնելով ինտեգրացիոն գործընթացների արդի միտումները և ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված առաջնահերթությունները, ԵԱՏՄ տնտեսական տարածքում նախատեսվում է 2019-2025 թթ.-ին ձևավորել էլեկտրաէներգիայի, նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաներ, որոնց վերաբերյալ արդեն դեկտեմբերի 6-ին Բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները ստորագրել են «ԵԱՏՄ-ի 2019թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին», «Գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» և «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումները։ Հարկ է ընդգծել, որ այս որոշումների իրականացումը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ Հայաստանի համար։ 



Բացի այդ, Բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել են «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին» և «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու» մասին որոշումները։ Այս համատեքստում ևս Հայաստանը կարևոր դերակատարում ունի հաշվի առնելով նաև ԵԱՏՄ-Իրան համագործակցության հարցում Հայաստանի ակտիվ մասնակցությունը։  

Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ տարածքում գործում է մաքսային օրենսգիրքը, Հայաստանը կարող է նախաձեռնել մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված քայլեր թվային փոխակերպման օրակարգի շրջանակներում։ Միանշանակ դրական կարելի է գնահատել Հայաստանի ներկայացրած նոր նախաձեռնությունը էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին, սակայն այս գործընթացը պետք է շարունակական բնույթ կրի և առավելագույնս հեշտացվեն միության անդամ երկրների միջև մաքսային ընթացակարգերը, այդ թվում միության երկրների տարածքում ապրանքների շարժի վերաբերյալ տվյալների օպերատիվ փոխանակման հետ կապված խնդիրները։ 

Համաշխարհային տնտեսության մարտահրավերներին դիմակայելու նպատակով ԵԱՏՄ երկրները մրցակցելու փոխարեն պետք է կոոպերացնեն իրենց համեմատական առավելությունները և մրցունակ եվրասիական ապրանքանիշեր ստեղծեն։ Ինչպես նկատել էր Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ երկրները պետք է մեծ նախագծեր ձեռնարկեն, որոնք թույլ կտան երրորդ երկրներին ներկայանալ որպես մեկ ամբողջություն: Ուստի, ԵԱՏՄ բրենդի ձևավորման համար անհրաժեշտ է նաև ԵԱՏՄ անդամ երկրների արտադրական հզորությունների միավորում։ 

Մերի Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]