Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին նշեց հիմնադրման 190-ամյակը

Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին նշեց հիմնադրման 190-ամյակը
ԵՐԵՎԱՆ,  10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերի 9-ին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ, Բուլղարիայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ և պատվիրակ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի և տեղի ծխական խորհրդի հրավերով մեկնեց Բուլղարիա, Պլովդիվ քաղաք` տեղի Սուրբ Գևորգ եկեղեցու 190 ամյակին նվիրված միջոցառումները հանդիսապետելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվանից, առավոտյան ձեռամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսավոր պատարագ մատուցվեց Ս. Գևորգ եկեղեցում, մասնակցությամբ և սպասավորությամբ Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի և Բուրգասի հոգևոր հովիվ արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի: Պատարագին ներկա էին Բուլղարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Բուլղարիայի կառավարությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ դոկտ. Ռուբեն Գրիգորյանը, Պլովդիվի քաղաքապետ, ինժեներ Իվան Տոտևը, փոխքաղաքապետ Ռոզալին Պետկովը, Պլովդիվի Ավագ քհն. արժ. Տ. Գևորգ Խաչերյանը:

Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը խոսեց Հայ Եկեղեցու և հայ հոգևորականի կարևոր առաքելության մասին` մասնավորապես նշելով. «Իրենց հոգևոր ու ազգային արժեքների պահպանման ու սերնդեսերունդ փոխանցման, հայ մնալու, իրենց հավատը, լեզուն ու մշակույթը, ինքնությունը պահելու բարձր գիտակցությամբ է, որ մեր զավակները վեր են խոյացրել այս հրաշակերտ եկեղեցին: Այս հոյակերտ եկեղեցին է, որ ամփոփել, հավաքել և սերնդսերունդ է փոխանցել տեղի հայության բոլոր ավանդությունները, ինչպես ծնող իր թևերի տակ առնելով և քրիստոնեական ոգիով դաստիարակելով:  Ինչպես նախկինում, այնպես այսօր Հայ Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը` մնալով այն միակ ու անփոխարինելի վայրը, ուր օտարության մեջ, հայրենիքից հեռու մեր հոգիները նորոգվում են և հաղորդակցվում աստվածային հետ: Հայերիս համար եկեղեցին պարզ աղոթատեղի չէ, ուր գալիս ենք միայն աղոթելու, քրիստոնեությունը պարզ կրոն չէ, որի դավանանքը ընդունում ենք սրբորեն, այլ քրիստոնեությունը մեզ համար մաշկի գույն է, իսկ եկեղեցին` կյանքի աղբյուր: Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր այն գաղութները, ուր հայությունը հեռացել է մայր եկեղեցուց, վերացել են պատմության էջերից: Ի վերջո եկեղեցին է այն գլխավոր կամուրջը, որով հայ սփյուռքը կապվում է Մայր Հայրենիքին: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայ հոգևորականն էլ, իբրև քաջ և իմաստուն հովիվ ու առաջնորդ, շարունակում է իր առաքելությունը, որը եղել է և կա Տիրոջ փրկարար խոսքի քարոզչությունը և լույսի տարածումը, ազգային ու քրիստոնեական բարոյական արժեքների պահպանումն ու տարածումը: Այսօր բոլորիս սրբազան պարտականությունն է աջակցել և զորավիգ լինել մեր քահանա հայրերին` իրենց կարևոր առաքելության իրականացման ճանապարհին, հոգ տանել Մայր Եկեղեցու և մեր բոլոր սրբությունների համար` թույլ չտալով որևէ ոտնձգություն: Սակայն ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ հաճախ Սփյուռքի մեջ մարդիկ սխալ են հասկանում եկեղեցու իմաստը` կարծելով, որ այն միայն քարեղեն շինություն է, գեղեցիկ սրբանկարներով ու որմնանկարներով, ոմանք, որոշ աշխարհականներ նույնիսկ փորձում են կառավարել եկեղեցին` մտածելով, որ այն սոսկ մի կազմակերպություն է: Սիրելիներ, եկեղեցու գլուխը Քրիստոս է, որևէ մեկը չի կարող կառավարել Քրիստոսին և ավելի վեր դասել իրեն Աստծուց: Մենք բոլորս, հոգևորական ու աշխարհական, ծառա ենք Քրիստոսին, ուխտել են ծառայելու և մեր կարողությունների չափով նպաստելու եկեղեցու զորացմանն ու պայծառացմանը: Ուրեմն եկեք մեր ուխտը վերանորոգենք առ Աստված, վերափոխվենք, ինքնաքննությամբ մաքրվենք և դառնանք մեր եկեղեցու և Մայր Հայրենիքի արժանավոր զավակներ, մենք ուխտը վերանորոգենք առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, առ Ամենայն Հայոց Հայրապետը, որի հայրական խնամքի և մշտական հոգածության ներքո ենք, մեր ուժն ու եռանդը ներդնենք Հայրենիքի և Մայր Եկեղեցու բարգավաճման ու առաջընթացի համար: Թող Աստված անսասան պահի այս հոյակերտ եկեղեցին, որ կարողանա անցնել դարերի բովով և իր մայրական հոգածության տակ առնի բոլոր գալիք սերունդներին ի փառս Քրիստոսի և ի պայծառություն Առաքելական մեր Մայր Եկեղեցու»:

Այնուհետև Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և շնորհավորանքի խոսքը: Ողջունելով Պլովդիվի հոգևոր հովվին, ծխական ու վարչական խորհուրդների անդամներին և հավատացյալ ժողովրդին` Վեհափառը մասնավորապես նշում է. «Գոհություն ու փառք ենք մատուցում առ Աստված, որ ձեր սրտերը, սիրելի զավակներ Մեր, այսօր էլ շարունակում են շաղկապված մնալ Ս. Գևորգ եկեղեցուն, որը խորհրդանիշն է Պլովդիվի հայության զորեղ հավատքի, փառավոր անցյալի և լուսառատ ներկայի: Ուրախ ենք, որ եկեղեցու հովանու ներքո դուք ամենայն ջանք ու եռանդ ներդնում եք կառուցելու համայնքի նոր, առավել շեն ու պայծառ ապագան և նոր հաջողություններով հարստացնելու բուլղարահայության համայնքային կյանքի պատմությունը: Ի խորոց սրտի աղոթում ենք, որ Տերն առատապես օրհնի և ապավեն լինի Պլովդիվի Մեր սիրեցյալ հայորդիներիդ` նոր հանձնառություններով ու բարի գործերով զարդարելու Մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և ձեր հավատավոր կյանքով Տիրոջ Սուբ Անունը փառաբանելու»:

Հավարտ Պատարագի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հրաչ քահանա Մուրադյանի կողմից պատվոգրերի արժանացան 60 անձինք` ծխական խորհրդի, պարախմբի, երգչախմբի և համայնքային կյանքից ներս իրենց վաստակն ու ծառայությունը բերած տարբեր կառույցների նախկին ու ներկայիս անդամներ:

Տոնական օրն ավարտվեց սիրո ճաշով և ավանդական ճաշկերույթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am