Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Քաղաքական ուժերի տեսլականն ուժային կենտրոնների հետ ՀՀ հարաբերությունների վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր է պատկերացում կազմել, թե ինչ տեսլական ունեն ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում՝ ուժային կենտրոնների (օրինակ՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Չինաստան) հետ հարաբերությունների վերաբերյալ:

Քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են ըստ քվեաթերթիկներում նրանց համարների հերթականության՝ հիմնված վերջիններիս նախընտրական ծրագրերում ամրագրված դրույթների վրա:

«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում շեշտում է Ռուսաստանի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև ԵՄ հետ կնքված համաձայնագրի էական նշանակությունը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին և Չինաստանին, ապա կուսակցության նախընտրական ծրագրում նշված է ԱՄՆ-ի հետ ընդլայնվող գործընկերության և Չինաստանի հետ խորացող երկխոսության անհրաժեշտության մասին:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ «պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության»։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության, ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմին և կարգավիճակին։ Կուսակցության նախընտրական ծրագրում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի վերաբերյալ անդրադարձ չկա:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրում չկա առանձին անդրադարձ տարբեր երկրների հետ ՀՀ հարաբերություններին, այդ թվում՝ ուժային կենտրոններին: ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ միայն նշված է, որ «արտաքին քաղաքական վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման»:

«Իմ քայլը» դաշինքը շեշտում է, որ ապահովելու է «հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության և ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը»: Կուսակցությունը նախընտրական ծրագրում պատրաստակամություն է հայտնում զարգացնել ԱՄՆ-ի հետ բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում: Եվրամիության հետ կնքված համաձայնագրի և ԵՄ առանձին երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ շեշտվում է, որ ձեռնարկելու են քայլեր համաձայնագրի «լավագույնս կիրարկման ուղղությամբ», ինչպես նաև «ԵՄ անդամ և եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման և պատմական կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ»՝ հավելելով, որ հասնելու են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա կուսակցության նախընտրական ծրագրում նշվում է, որ լինելու են նախաձեռնող այդ երկրի հետ կապերի ամրապնդման և նոր համագործակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրում է, որ ռազմավարական, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ պետք է պահպանվեն՝ հիմնվելով հավասարության, փոխվստահության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ «խրախուսելով բազմահարթակ ու բազմաշերտ համագործակցությունը։ Արժևորելով Ռուսաստանի դերը՝ որպես ռազմավարական գործընկեր, պետք է հարաբերությունները տեղափոխել արժանապատվության, փոխշահավետ համագործակցության հարթություն»: ԵՄ հետ հարաբերությունների առնչությամբ կուսակցությունը նշում է, որ չնայած ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագրին՝ «Հայաստանի և Եվրոպական Միության միջև կա բավականին մեծ չօգտագործված պոտենցիալ, որը օգտագործելու համար պետք է ավելի խորացված հարաբերություններ ունենալ Եվրոպական Միության հետ, այն է՝ նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձևավորում Հայաստանի և ԵՄ-ի միջև»։ Կուսակցությունը նաև կարևորում է Հայաստանի նախաձեռնողականությունը համաեվրոպական գործընթացներում և կառույցներում: Լուսավոր Հայաստանն անհրաժեշտ է համարում ԱՄՆ հետ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում: Նշվում է, որ «ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնությունների ազդեցության նվազեցումը և մեր պետության շահերի առաջ մղումը պետք է լինեն գերակա։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների քաղաքական օրակարգը պետք է ընդգրկի ավելի լայն շրջանակ՝ ներառելով տնտեսական ներդրումային ողջ ներուժը»։ Ինչ վերաբերում է Չինաստանի հետ հարաբերություններին, ապա կուսակցությունը կարևորում է այդ երկրի հետ փոխշահավետ գործակցային հարաբերությունների հաստատումը՝ «հնարավորինս զերծ մնալով աշխարհաքաղաքական ազդեցություններից, տրամաբանությունից ու Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների միջև առկա հակասություններից»։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդհանրական տեսլական՝ առանց առանձին երկրների հետ հարաբերություններին անդրադառնալու: Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորաշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա»:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը շեշտում է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության և Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակն «ինքնիշխան, արժանապատիվ, հավասարակշռված ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է»:

«Մենք» դաշինքը կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ «ռազմավարական, փոխշահավետ և իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը»: Եվրամիության հետ հարաբերությունների առնչությամբ նշվում է, որ «Եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է, իսկ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական»: Դաշինքը շեշտում է հայ-ամերիկյան առավել խորը, կայուն և հեռանկարային հարաբերությունների կայացման և ավելի բարձր մակարդակի ռազմավարական փոխգործակցության հաստատման կարևորությունը: «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է շարունակական բարելավման և ամուր գործընկերային բնույթ կրեն, ի թիվս այլնի՝ ներառելով տնտեսական փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումն ու այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցությունը, միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ շարունակական ներդրումը, ՀՀ զինված ուժերի անձնակազմի վերապատրաստման լրացուցիչ ձևաչափերի կիրառումը»: Իսկ Չինաստանի հետ երկկողմ ձևաչափով հարաբերություններն, ըստ դաշինքի, ունեն չիրացված մեծ ներուժ:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը կարևորում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում ռազմավարական գործակցության զարգացումը: Շեշտվում է, որ պետք է զարգացնել  Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը, գործարկել «ՀՀ-ում հայ-ռուսական համատեղ ռազմական և երկակի նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ»: Նշվում է նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության առաջընթացի, ինչպես նաև Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնման կարևորության մասին:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրում է, որ պետք է «վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա»: Միևնույն ժամանակ, կուսակցությունը շեշտում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու, Եվրոպական Միության և Չինաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու կարևորությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անդրադարձել է միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ կողմ է «հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ զարգացմանը և խորացմանը»:

Ամփոփելով` կարող ենք նշել, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններին անդրադարձած գրեթե բոլոր քաղաքական ուժերը կարևորում են երկկողմ ռազմավարական հարաբերությունները, և միայն երկու քաղաքական ուժ («Սասնա ծռեր» և «Քաղաքացու որոշում» կուսակցությունները) է խոսում հարաբերությունների (իրավական հիմքերի) վերանայման անհրաժեշտության մասին:

ԱՄՆ-ի պարագայում գրեթե բոլոր ուժերը կարևորում են հարաբերությունների համագործակցային բնույթը և միայն երկու քաղաքական ուժ («Մենք» դաշինք և «Սասնա ծռեր» կուսակցություն) է նշում ԱՄՆ հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին:

ԵՄ հետ հարաբերությունների առնչությամբ բոլոր ուժերը շեշտում են հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը կնքված համաձայնագրի շրջանակներում և միայն «Մենք» դաշինքն է խոսում ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին՝ դիտարկելով այն որպես «ռազմավարական տեսլական»:

Չինաստանի հետ հարաբերություններում բոլոր ուժերը կարևորում են փոխշահավետ համագործակցության շարունակական խորացումը և ընդլայնումը:

 

Լիանա Հովհաննիսյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ