Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեւանի «Ալաշկերտ» թիմը Մարտունիում մրցեց տեղի «Ալաշկերտ»-ի հետ

Երեւանի «Ալաշկերտ» թիմը Մարտունիում մրցեց տեղի «Ալաշկերտ»-ի հետ

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադաշտում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլի թիմն ընկերական հանդիպում անցկացրեց տեղի «Ալաշկերտ» թիմի հետ, որի կազմում հանդես եկավ նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Երեւանի «Ալաշկերտի» կազմում գլխավոր թիմից խաղացին Արտակ Եդիգարյանը, Արտակ Գրիգորյանը, Գագիկ Դաղբաշյանը եւ Էդգար Մանուչարյանը:
Հանդիպումն ավարտվեց Երեւանի «Ալաշկերտի» հաղթանակով՝ 3-2 հաշվով: Մարտունու «Ալաշկերտ»-ի կազմում գոլերից մեկը հեղինակեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հանդիպումից հետո Գեղարքունիքի մարզպետն «Արմենպրես»-ի հետ զրույցում բացահայտեց ընկերական խաղի հիմնական նպատակը, որը միտված է Մարտունիում ֆուտբոլային կյանքի զարգացմանը, ֆուտբոլային նախկին ավանդույթների վերականգնմանը:«Մարտունու «Ալաշկերտը» 1990-ական թվականներին Հայաստանի բարձրագույն խմբի ամենամրցունակ թիմերից էր, որը ֆինանսական միջոցների բացակայության արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից: Հիմա հնարավորություն է ստեղծվել՝ Մարտունիում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոց հիմնելու, նոր մարզադաշտ կառուցելու եւ Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Ալաշկերտ» թիմի տնային խաղերն այստեղ անցկացնելու համար: Նոր մարզահամալիրը կկառուցվի ներկայիս մարզադաշտի տեղում: Կունենանք երկու խաղադաշտ՝ բնական եւ արհեստական խոտածածկերով: Մարզադաշտի սեփականատիրոջ հետ նախնական համաձայնության եկել ենք, մնացել է պայմանավորվել մեկ-երկու կետերի շուրջ: Կարծում եմ, որ մարզահամալիրի կառուցման աշխատանքները կմեկնարկեն եկող տարվա գարնանից, իսկ մոտակա տարիներին «Ալաշկերտ» թիմը կհամալրվի մարտունեցի ֆուտբոլիստներով, մեր քաղաքի թիմը հանդես կգա նաեւ եվրոպական մրցաշարերում»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը եւս հավաստեց, որ ակումբի հիմնական նպատակը տնային խաղերը Մարտունիում անցկացնելն է, որի առաջին քայլերն արդեն արվում են:«Մարտունեցի ֆուտբոլասերները շատ են կարոտում այս մարզադաշտը, այսօր էլ դա զգացվեց հանդիսատեսների, Մարտունու «Ալաշկերտ» թիմի վետերանների այցելությամբ: Բոլորն անհամբեր սպասում են այն օրվան, երբ կրկին, ինչպես 1990-ական թվականներին էր, հանդիսականներով լեփ-լեցուն կլինի մարզադաշտը: Մենք էլ մեր հերթին ցանկանում ենք ունենալ մեր տասներկուերորդ խաղացողին՝ հանդիսատեսին: Մարտունու թիմում, մարզադպրոցում կաճեն շնորհալի ֆուտբոլիստներ, ովքեր կհամալրեն մեր թիմի շարքերը: Մի խոսքով, եթե մարզահամալիրը կառուցենք, մոտակա մեկ-երկու տարվա մեջ «Ալաշկերտ» թիմն արդեն կունենա Մարտունու գրանցում: Այսօրվա խաղն էլ պարզապես խորհրդանշում է այդ նպատակը»,- հավաստեց Բագրատ Նավոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am