Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

3 հաղթողներ և 3 պարտվողներ մեծ բանավեճում. կարծիք


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքում քաղաքական բանավեճերին սովորաբար հաջորդում է դրա մանրամասն վերլուծությունը։ Հաշվի առնելով բանավեճի եզակիությունը հայկական միջավայրում՝ դրա մեկնաբանությունը նույնպես հարկ է դիտել որպես նորություն։ Սույն մեկնաբանությունը բանավեճի հաղթողներին ու պարտվողներին առանձնացնելու փորձ է, ինչը, հույս ունենանք, աստիճանաբար կտարածվի հայկական մեդիա հարթակում՝ որպես քաղաքական իրավիճակի վերլուծության ժանր։ Ասվածում բացարձակելի ճշմարտություններ չկան, իսկ հաղթողներ-պարտվողներ տարաբաժանումը սոսկ փաստերի սուբյեկտիվ վերլուծության օրինակ է։ 

Հաղթողներ 

Նիկոլ Փաշինյան 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի բանավեճի կարողությունների վրա թերևս ոչ ոք չէր էլ կասկածում, ուստի ենթադրվում էր, որ նա ամենահաջողն էր հանդես գալու` պայմանավորված ինչպես իր կարգավիճակով, այնպես էլ ժողովրդականության բարձր մակարդակով։ Նրա նախնական հանգստությունը, որ կարող էր պասիվության տպավորություն թողնել, կարծես միտված էր հանդարտ բանավեճ ունենալուն։ Սակայն ՀՀԿ ներկայացուցչի վարքը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ՝ տեղ-տեղ դրդելով Ն. Փաշինյանին սրելու իր խոսքը։ Վերջինս բանավեճը բաժանել էր երեք փուլի` նախ ներկայացնելով իր կառավարության 7-ամսյա նվաճումները, ապա պատասխանելով թեմատիկ հարցերին և վերջում էլ քանդելով ՀՀԿ-ի քննադատություն հիմնասյուները։ Փաշինյանին, մասնավորաբար, հաջողվեց կրկին հիշեցնել ՀՀԿ-ի կառավարման արդյունքները, ինչպես նաև ցուցադրել, որ ՀՀԿ-ի քննադատությունը լուրջ հետևանքներ չի ունենա կառավարության համար ապագայում։ Փաշինյանը, ըստ էության, բյուրեղացրեց իր ընտրազանգվածը` միաժամանակ ներգրավելով որոշակիորեն նոր շերտերի, որոնք վերապահումներ ունեին «ազգային արժեքների» հարցում իշխանության ընկալումների վերաբերությամբ։ Այսպիսով, Փաշինյան բանավեճի առաջին հաղթողն էր, քանի որ լուծեց իր առաջադրանքը, ցույց տվեց դիմացինի քննադատության երերուն բնույթը։ 

Էդմոն Մարուքյան 

Բանավեճի ժամանակ ԼՀԿ-ի ղեկավարի պահվածքը կարելի է ինչ-որ տեղ հայտնություն համարել։ Ակնհայտ էր, որ Մարուքյանը լավ նախապատրաստվել էր` հստակորեն իր համար առանձնացնելով այն թիրախները, որոնց պետք էր հարվածել հաջող արդյունք արձանագրելու համար։ Այս տեսանկյունից պարզ դարձավ, որ նա լիովին հասկանում է իրերի իրական դասավորությունն ու մրցակցող ուժերի ներկայիս պայմանները, և ըստ այդմ` ով ինչ ընտրազանգված ունի։ Ենթադրելի էր, ԼՀԿ-ն պետք է հավակնի երրորդ տեղին, որի համար մրցում էր ՀՀԿ-ի ու «Սասնա ծռերի» հետ։ Մարուքյանը հաջողությամբ ընտրեց վերջին երկուսին՝ որպես իր հիմնական մրցակից, և թիրախային հարցերով ու դիպուկ ձևակերպումներով պատասխաններ գտնելու դժվարությունների առաջ կանգնեցրեց նրանց։ Հաջողությամբ հասցված հարվածների հիմամբ նա նաև հասցրեց խնդիրներ ստեղծել երկրորդ տեղը կարծես ապահովագրած ԲՀԿ-ի համար` դրսևորելով երրորդ տեղը նվաճածի ու երկրորդը գրավողի վճռականություն։ Թեպետ Գ. Ծառուկյանը դիմադրեց` հովանավորի մասին ակնարկներ անելով, սակայն դա ընտրողների համար մեծ հաշվով փակ ստացվեց ու անհամոզիչ։ Այսպիսով, երկրորդ հաղթողը կարելի է համարել Մարուքյանին, քանի որ նա լուծեց երրորդ տեղի խնդիրը, բայց նաև գործնականորեն հավակնեց երկրորդի կարգավիճակին` իր հստակ մարտավարությամբ ու լավ պատրաստվածությամբ։ 

Սուրեն Սահակյան 

ՔՈՍԴԿ-ի համամասնական ցուցակի առաջին համարը կարող է համարվել երրորդ հաղթողը, քանի որ լայն ճանաչում չունենալով հանդերձ, կարողացավ հստակ կեցվածքով ցուցադրել կուսակցության մատուցած նոր խոսքն ու նոր մշակույթը քաղաքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Սահակյանի հուզվածությունը թերևս պայմանավորված էր հրապարակային քաղաքականության մեջ անփորձությամբ, ինչը կարող է հաղթահարվել առաջիկա տարիներին։ Այսպիսի դիրքավորմամբ՝ ՔՈ-ն ցույց տվեց իր քաղաքական բնույթը` հստակորեն հակադրվելով նախկին իշխանությունների ու նրանց սպասարկող քաղաքական ուժերի ճաշակին ու մտայնությանը։ Փաստելի է, որ խիստ գնահատականներ հնչեցնելով նախկին իշխանությունների հասցեին` այս կուսակցությունը արտահայտեց իր սկզբունքային անհամաձայնությունը նրանց հետ որևէ ասոցիացիա ունենալուն` անգամ ընդդիմադիր կարգավիճակի հետ։ Սա քաղաքական սկզբունքայնության հաջող դրսևորում էր, որը պոտենցիալ ունի զարգանալու առաջիկա տարիներին` հաջորդ խորհրդական ընտրություններում լուրջ հայտի վերածվելով։ 

Պարտվողներ 

Վիգեն Սարգսյան 

Դեռևս ընտրացուցակների հրապարակման շրջանում տարբեր վերլուծաբաններ կարծիք էին հայտնում, որ ՀՀԿ-ի առաջին փոխնախագահը հազիվ թե հաջողությամբ գլխավորի նախընտրական արշավը, ու նրա ընտրությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ ՀՀԿ-ի խորհրդարանում հայտնվելու ջանքերի հարցում։ Նախօրեի բանավեճը կարծես հավաստեց նման կարծիքի ճշմարտացիությունը` պայմանավորված նախ Վ. Սարգսյանի հայտարարություններով, ապա` բանավեճի մշակույթով։ Հասկանալի է, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչը պետք է իրեն դիրքավորեր արմատականության դաշտում, սակայն միջամտությունները, արհամարհական ձևակերպումները գործընկերների ու հատկապես հանրության վերաբերյալ արեցին իրենց «սև» գործը։ Նախկին նախարարին այդպես էլ չհաջողվեց ձևակերպել, թե ինչու պետք է իրենք լինեն խորհրդարանում, քանի որ ուղիղ բանավեճում պարզորեն դրսևորվեց, որ ՀՀԿ-ի ընդդիմախոսությունը ինքնանպատակ է ու ստեղծարարություն չի ենթադրում։ Վ. Սարգսյանին մեծ հաշվով ոչ միայն չհաջողվեց կառչել իր ընդդիմախոսների վրիպումներից, այլև նա տապալեց կուսակցության նախընտրական արշավի ու քննադատության հիմնասյունը դարձած օրակարգերից մեկը` ազգային արժեքների թեման։ Սա լուրջ ձախողում կարելի է համարել, և եթե բանավեճերը հայկական իրականությունում ազդում են ընտրողների տրամադրությունների վրա, ապա սրա արդյունքում ՀՀԿ-ն կարող է կորսված համարել երրորդ տեղը։ 

Վարուժան Ավետիսյան 

«Սասնա ծռերի» ցուցակի առաջատարի խնդիրը թերևս ավելի հեղափոխական երևալն էր` ցուցադրելու համար կուսակցության առանձնահատկությունը մյուս ուժերից։ Այս ուժը նույնպես հավակնում է երրորդ տեղին, ուստի սպասելի էր, որ պետք է թիրախային քննադատություն տեղար հենց այդ լիգայում հանդես եկողների նկատմամբ, մինչդեռ Վ. Ավետիսյանը ընտրեց պասիվության մարտավարությունը և իրեն հատկացված ժամանակահատվածը ծախսեց ընդհանուր բնույթի հայտարարությունների վրա, որոնք դժվարընկալելի էին իրենց էությամբ։ Ավելին՝ իր և կուսակցության հասցեին հնչած կոնկրետ քննադատությանը նա չպատասխանեց հստակ արձանագրումներով և հակընդդեմության սկզբունքով, ինչը նվազեցրեց խոսքի արդյունավետությունը։ Որպես կուսակցություն նորաստեղծ լինելով` ՍԾ-ն պետք է փորձեր ցույց տալ իր յուրահատկությունը, սակայն «կլասիկ» քննադատությունը հաղթահարել չստացվեց` սովորականացնելով ասելիքը։ Այսպիսով, Վ. Ավետիսյանին չհաջողվեց ընդհանուր աղմուկի մեջ ինքնադրսևորվել և ցույց տալ կուսակցության շահեկան տարբերությունը մյուսներից, ինչը, ՍԾ-ի հավակնությունների համատեքստում, լուրջ բացթողում էր։ 

Արամ Սարգսյան 

«Մենք» դաշինքի առաջնորդի նախնական զուսպ ու պոզիտիվ կեցվածքը, թվում էր, հաջողությամբ պիտի փոխակերպվեր բանավեճի քաղաքականացմանն ու երրորդ տեղին հավակնող ուժերի համեմատ սեփական առավելությունները ընդգծելուն։ Ա. Սարգսյանը փոխանակ ընտրելու բանավեճի մասնակիցների մեջ քաղաքական զրուցակցի, օրինակ` ՔՈ կուսակցության ներկայացուցչին, և զրույցը մի աստիճան բարձրացնելու մարտավարությունը, անտեղի ներքաշվեց բանավեճի մեջ Վ. Սարգսյանի հետ։ Իսկ նրանից ստացած ծանր հարվածից այդպես էլ չկարողացավ կազդուրվել։ ՀՀԿ փոխնախագահը հաջողությամբ խաղարկեց Ա. Սարգսյանի վարչապետության անհաջողությունը` բաց տեքստով անդառնալիորեն շփոթի մատնելով նախկին վարչապետին, որը հաստատապես չէր սպասում նման զարգացման։ Եվ այդ անսպասելիությունն էլ լրջորեն կաշկանդեց Ա. Սարգսյանին` բանավեճի ողջ շարունակությունը նրա համար դարձնելով իր խոսքը տեղ հասցնելու համար անհարմար ու նույնիսկ այլևս անիմաստ։ 

Վերջնական հաղթողը 

Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա նրանք որևէ կերպ չկարողացան դրսևորվել կամ արժանանալ մրցակիցների գործնական քննադատությունը, ինչը կարող էր առանձնացնել նրանց՝ ընդհանուրի ֆոնին։ Արդ, նրանք կարծես խնդիր չէին լուծում իրենց համար և ներկա էին սոսկ ձևաչափի բերումով։ Իսկ իրական հաղթողը դարձավ հայ հանրությունը, որը հնարավորություն ունեցավ համեմատության մեջ դիտել բոլոր ուժերին ու նրանց առաջնորդներին։ Սա կարող է դառնալ հրաշալի նախադեպ քաղաքական նոր մշակույթի ամրապնդման համար, որից շահելու են ոչ միայն կուսակցությունները, այլև առաջնահեթորեն` հանրությունը։ 

Հ. Գ. Անհրաժեշտ է նաև արժանին մատուցել Հանրային հեռուստաընկերությանը, որը մեծ մասամբ կարողացավ հաղթահարել առաջին փորձությունը և լավ հիմք դնել այս ավանդույթը շարունակելու համար։ 

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ