Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը խթանելու է տարածաշրջաններում գործարար միջավայրի զարգացմանը

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը խթանելու է 
տարածաշրջաններում գործարար միջավայրի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ անգամ Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին մասնակցելու է 200 երիտասարդ:  Համաժողովի հիմնական նպատակն այն է, որ նորարարությունն ու տեխնոլոգիաները զարգանան ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը համաժողովի մանրամասները ներկայացրեցին կազմակերպիչներն ու աջակցողները:

«Համաժողովն իրականացվում է արդեն երկրորդ անգամ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Այն արդեն դառնում է ավանդական և իր ուրույն տեղն ունի տեխնոլոգիական ու մարզային զարգացման օրակարգում: Շատ ուրախալի է, որ մասնակցում են նաև 200-ից  ավելի երիտասարդ ծրագրավորողներ, ինժեներներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և հատկապես ինժեներիայի աջակցությամբ կարող ենք բարձրացնել մարզերի մրցունակությունը, ստեղծել հավելյալ աշխատատեղեր»,-ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Համաժողովն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, Գերմանական զարգացման համագործակցություն (GIZ)-ի կողմից:

Հայաստանում Եվրամիության  համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն նշեց, որ ԵՄ-ն շատ մեծ կարևորություն է  տալիս տնտեսական զարգացմանը մարզերում: «Եվ այս իմաստով մեզ մեծ բավականություն է պատճառում այն փաստը, որ Գյումրիում նման համաժողովն արդեն իսկ դառնում է ավանդական: ԵՄ-ի SMEDA ծրագիրը միշտ հատուկ ուշադրություն է դարձնում նորարարությանը և տեխնոլոգիաների զարգացմանը: Եվ մենք ուզում ենք, որ նորարարական ու տեխնոլոգիական առաջընթացն ապահովվի ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում»,-ասաց Սեռանոն ու նշեց, որ իրենց հավակնությունն է Հայաստանի կառավարությանը, մարզերին ուղեկցել այդ ճանապարհին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ Արման Գալստյանը նշեց, թե հաշվի առնելով, որ աշխարհը թևակոխում է տնտեսության թվայնացման փուլ, շատ կարևոր է նորարարական գաղափարների, նաև նոր լուծումների վերհանումը: «Նախաձեռնությունը շատ կարևոր է մարզերում և Երևանում ոլորտի համաչափ զարգացման համար: Իմ կարծիքով, համաժողովը մեծ հարթակ է, որում հանդիպելու են ինչպես պետական մարմինները, այնպես էլ ոլորտի կազմակերպությունները և մտքեր են փոխանակելու մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ»,-ասաց նա:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը շեշտեց, որ համաժողովը միտված է Հայաստանում գործարարական միջավայրի զարգացմանը, որը կխթանի ՓՄՁ զարգացումը Հայաստանում: «Դրա արդյունքը Հայաստանի համար ներառական աճն է: Այս նախաձեռնությանն արդեն երկրորդ անգամ ենք աջակցում: Մենք համոզված ենք, որ տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի ապագան է« և ուզում ենք անպայման ունենալ մաս այս կարևորագույն գործընթացի մեջ: Մի քանի նախաձեռնություններ արդեն կան և գործում են Երևանում, սակայն շատ չեն մարզերում»,-ասաց Բաբայանն ու հավելեց, որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է նաև մարզերի երիտասարդների համար:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության հետ համատեղ դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում կանցկացնեն «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկրորդ համաժողովը: Երկօրյա համաժողովը կմեկնարկի պանելային երեք քննարկմամբ. «Մարզերում ձեռնարկատիրության էկոհամակարգի խթանումը»,«Միջազգային  ընկերությունների մարտահրավերները մարզերում», «Տեխնոլոգիաները՝ որպես այլ ոլորտների զարգացման գրավական»: Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, միջազգային և տեղի փորձագետները կանցկացնեն սեմինարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am