Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Արսեն Ջուլֆալակյանը պատգամավոր ընտրվելու դեպքում կշարունակի մնալ անկուսակցական և կզբաղվի սպորտով


ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյանի և դաշինքի՝ ապագա Հայաստանի վերաբերյալ հայացքները միանգամայն համընկնում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու հունահռոմեական ոճի ըմբիշ Ջուլֆալակյանը այսպիսի համոզմունք հայտնեց. «Ես համաձայնել եմ «Իմ քայլը» դաշինքի առաջարկին՝ լինել պատգամավորի թեկնածու, քանի որ սա այն ուժն է, որն իրականացնելով թավշյա հեղափոխությունը՝ ունի շատ մաքուր և բարի ցանկություններ՝ կառուցելու այն Հայաստանը, որը ես ինքս էլ ցանկանում եմ: Մեր հայացքներն ու պատկերացումներն ապագա Հայաստանի մասին նույնն են»,- նշեց պատգամավորի թեկնածուն:

Ջուլֆալակյանը շեշտեց, որ բոլոր այն «պայմանները», որոնք իր կողմից դրվել էին՝ համաձայնեցվել են: Այսինքն՝ ինքը չէր ցանկանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, ցանկանում էր մնալ անկուսակցական և շարունակել սպորտով զբաղվել:

Ռեյտինգային ընտրակարգով չառաջադրվելու վերաբերյալ Ջուլֆալակյանը նշեց, որ ինքը միշտ դեմ է եղել այդ ընտրակարգին, քանի որ այդ պարագայում ԱԺ-ում կարող են հայտնվել մարդիկ, ովքեր ոչ մի եզր չունեն օրենսդիր գործունեության հետ:

«Կարծում եմ, ռեյտինգային ընտրակարգը որոշակիորեն իր բացասական ազդեցությունը կունենա նոր ձևավորվող խորհրդարանի վրա: Այս դեպքում կարևորվում են անձնական կապերը և մի շարք այլ հնարավորություններ՝ բացի անձնական կարողություններից»,- ընդգծեց հունահռոմեական ոճի ըմբիշը:

Նրա խոսքով՝ նախկինում եղել են առաջարկներ՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածություն առաջադրելու վերաբերյալ, սակայն, ինչպես Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է ասում, այնքան էլ հետաքրքրված չի եղել նախկին ԱԺ-ի գործունեությամբ:

«Այժմ իրավիճակը փոխվել է, կա ցանկություն ձևավորել շատ լուրջ և ուժեղ խորհրդարան: Մեր դաշինքի կազմին կարծում եմ ծանոթ եք՝ այնտեղ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կան: Սա շատ լավ է, քանի որ հնարավոր կլինի Ազգային ժողովում բոլոր բնագավառներում մասնագետ ունենալ»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Նա շեշտեց, որ «Իմ քայլը» դաշինքը հաղթելու լրջագույն հնարավորություններ ունի: Ջուլֆալակյանի խոսքով՝ հեղափոխության ժամանակ հաղթանակած ուժը պետք է հնարավորություն ստանա ավարտին հասցնել այն բարեփոխումները, որոնք ծրագրավորվել էին:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ