Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կուսակցության ղեկավարը Հայաստանում սոցիալական-շուկայական տնտեսության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում

Կուսակցության ղեկավարը Հայաստանում սոցիալական-շուկայական տնտեսության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում նոյեմբերի 29-ին Շիրակի մարզում էին: Ընտրողների հետ հանդիպումները նախ Լանջիկ, ապա նաև Սառնաղբյուր, Մարալիկ, Գյումրի և Ախուրյան համայնքներում էին:

Կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը Գյումրիում հանդիպեց նաև լրագրողներին: Մինչ նոր խորհրդարանի ձևավորման վերաբերյալ իրենց տեսլականը ներկայացնելը՝ Լեւոն Շիրինյանը նախ ներկայացրեց նորաստեղծ կուսակցության նպատակները և առաջիկա անելիքները։

«Պետք է ձևավորել այնպիսի խորհրդարան, որտեղ կլինեն՝ աջեր, ձախեր և կենտրոնամետներ, այլ ոչ թե՝ իշխանություն և ընդդիմություն: Մենք ցանկանում ենք կոտրել արատավոր շրջանակը, որը կար Հայաստանում, և հրաժարվել այնպիսի երևույթներից, ինչպիսին են նախընտրական կաշառքի բաժանումը, իշխանության մարմիններում բարեկամներին աշխատանքի տեղավորելը: Ինչ վերաբերում է մեր տնտեսական ծրագրին, մենք աջակցում ենք սոցիալական-շուկայական տնտեսությանը: Հանդես ենք գալիս նաև արդյունաբերական հատվածի վերականգնման օգտին: Վարչապետության համար չափազանց վտանգավոր է կուսակցության մենատիրությունը: Վարչապետը խորհրդարանում պետք է ունենա պարտադիր մեծամասնություն, բայց այդ մեծամասնությունը չպետք է լինի բացարձակ: Մենք մեզ հայտարարել ենք այլընտրանք»,- ընդգծեց Լևոն Շիրինյանը:

Նա հավելեց. «Հայաստանի Հանրապետության հասարակական ու տնտեսական համակարգին անհրաժեշտ է սոցիալական-շուկայական տնտեսություն: Տնտեսական համակարգի ուշադրության կենտրոնում անխուսափելիորեն պետք է լինի մարդը»:Նորաստեղծ կուսակցության անդամները նաև հայտարարեցին, որ իրենք ցանկանում են զարգացնել երկրի մշակութային արժեքները և վերածնել հայկական բարձր մշակույթը: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից Շիրակի մարզը ներկայացնող պատգամավորի թեկնածուներ Անի Ցոլակյանը, Վարդան Սրտաշյանը, Հասմիկ Հարությունյանը ևս ներկայացրեցին շարժման իրենց սպասելիքները:

««Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հորդորում է բոլորիս համախմբվել և շենացնել մեր հայրենիքը: Կուսակցության ծրագիրն ու արդի հիմնախնդիրների բոլոր լուծումները խարսխված են հայ ժողովրդի քրիստոնեական արքետիպի վրա»,- նշեց արվեստաբան Հասմիկ Հարությունյանը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am