Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ թավշյա հեղափոխության դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կերևա երկարաժամկետ հատվածում

Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ թավշյա հեղափոխության դրական 
ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կերևա երկարաժամկետ հատվածում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այն կարծիքին է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ազդեցությունը երկրի տնտեսության վրա պետք է դիտարկել ավելի երկարաժամկետ կտրվածքով: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկաներ  մուտքի ավելի մեծ հնարավորություններ և ավելի հավասար մրցակցություն: «Սրանք այն գործոններն են, որոնք կարող են և պետք է ապահովեն ավելի բարենպաստ միջավայր՝ ներդրումային որոշումներ կայացնելու համար, իսկ դրանք միանգամից արդյունքներ չեն տալիս: Այսպիսի միջավայրը նրա համար է, որ երկարաժամկետ առումով տնտեսական աճի ցուցանիշը լինի ավելի բարձր, տնտեսական աճը լինի ավելի կայուն, ստեղծվող արդյունքները մասնակիցների միջև բաժանվեն ավելի հավասարաչափ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Խաչատրյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ 2018թ. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 տոկոս էր, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 7.1 տոկոս, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Պատճառն այն է, որ որոշակի տնտեսական օբյեկտիվ գործոններ ազդում են այդ կարճաժամկետ թվային միջավայրի վրա: Գիտեք, որ հանքարդյունաբերության ոլորտում խնդիր է եղել կազմակերպություններից մեկի հետ, այն դադարեցրել է իր գործունեությունը: Այդ ժամանակահատվածում նա արտադրած կլիներ 130 միլիոն դոլարով ավելի շատ արտադրանք: Համապատասխանաբար, տնտեսական աճի ակտիվությունն ընդհանուր առմամբ ազդվում է այդ բոլոր գործոններից: Կարճաժամկետ ցուցանիշները և երկարաժամկետ սպասումները տարբեր բաներ են: Մենք կարող ենք ունենալ նաև իրավիճակ, որ 2018թ. դեկտեմբերի վերջի դրությամբ արձանագրած լինենք ավելի ցածր տնտեսական աճ և ավելի ցածր ցուցանիշ, քան 6 տոկոսն է, որովհետև կան որոշակի բազային փոփոխություններ, սակայն սրանք կարճաժամկետ խնդիրներ են»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը ևս մեկ անգամ շեշտեց, որ տնտեսության վրա Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ազդեցությունը պետք է դիտարկել ոչ թե կարճաժամկետ, այլ միջինժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով: Նա վստահեցրեց, որ տնտեսական ցուցանիշները միջինժամկետ և երկարաժամկետ  կտրվածքով ավելի բարձր են լինելու:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am