Տնտեսություն

Կոռուպցիոն գործարքների չբացահայտման հայտարարություններն անհիմն են. Լենա Նազարյանը Հայկ Բաբուխանյանին ներկայացրեց յուրացումների փաստաթղթերի փաթեթը

2 րոպեի ընթերցում

Կոռուպցիոն գործարքների չբացահայտման հայտարարություններն անհիմն են. Լենա Նազարյանը Հայկ Բաբուխանյանին ներկայացրեց յուրացումների փաստաթղթերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը անհիմն է որակում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դիտարկումը, թե իբր կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, բյուջեն չի համալրում գողացված գումարներով: Որպես ապացույց՝ Նազարյանը խորհրդարանում Բաբուխանյանին հանձնեց յուրացումների և չարաշահումների փաստաթղթերի փաթեթը:

«Ուզում եմ անդրադառնալ Հայկ Բաբուխանյանի հայտարարությանը, թե կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, բյուջեն չի համալրվում նախկին իշխանության կողմից գողացված գումարներով: Ես ուզում եմ ներկայացնել ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի, ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության կողմից բացահայտված վերջին ամիսների նյութերը: 170 հայտարարություն են տարածել այս մարմինները, որոնք հստակ բացահայտում են չարաշահումների, յուրացումների մասին տեղեկությունները: Այս գումարները, որոնք քննությամբ կպարզվեն, թե ինչպես են հայտնվել տարբեր պաշտոնյաների գրպաններում, կվերադարձվեն պետական բյուջե»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց Նազարյանը:

Նա նշեց՝ Հայկ Բաբուխանյանի հայտարարությունն անհիմն է: «Եվ ես այս փաթեթը Բաբուխանյանին ներկայացնում եմ ուսումնասիրության համար, որ այս ամբիոնից չհնչեն անտեղի հայտարարություններ կառավարության մասին»,- եզրափակեց Նազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում