Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ կորուստների, շահութաբերության և ծախսերի կրճատման արդյունքում գազի սակագինը կնվազի

Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ կորուստների, շահութաբերության և ծախսերի 
կրճատման արդյունքում գազի սակագինը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազամատակարարման համակարգում կորուստների, ծախսերի նվազեցման և շահութաբերության կրճատման արդյունքում հնարավոր կլինի գազի սակագինը Հայաստանում նվազեցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը քննելու հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփվելով հանձնաժողովի մեկ ամսվա աշխատանքները:

«Գազի սակագնի իջեցման համար պետք է այնպես անենք, որ բալանսը չխախտվի: Քննարկման առարկա պետք է դարձնենք գազի փոխադրման համակարգում կորուստները, շահութաբերությունը, ծախսերի օպտիմալացումը: Դրա արդյունքում, ես պնդում եմ, որ կունենանք սակագնի նվազեցում: Եվ, իհարկե, լրջագույն հարց են մնում սահմանին գազի սակագինն իջեցնելու համար բանակցությունները: Եթե սահմանին փոփոխություն չլինի, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է քննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագիրը և որոշակի ճշգրտումներ անի»,-ասաց Մելքումյանը:

Նա նկատեց, թե եղել է, որ սահմանին  սակագինն իջել է, սակայն վերջնական սակագինը չի նվազել: «Եվ 2015 թ.-ի հունվարի 1-ից այդ 8.9 մլրդ դրամը կուտակվել է «Գազպրոմ Արմենիա»-ում: Սակայն, նաև եղել է  պահ, երբ գինը չի իջել, սակայն վերջնական սակագինն իջել է 146-ից 139 դրամ՝ Ռուսաստանի «Գազպրոմ»-ի ներքին բոնուսի հաշվին: Հիմա եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկենք, որ գնան բոնուսների կտրուկ նվազեցման ճանապարհով, ապա մեծ ռեզերվ կունենանք»,- ընդգծեց Մելքումյանը:

Նա շեշտեց, որ գազի սակագնի իջեցման հնարավորությունը պետք է քննարկել, սակայն դեռ կոնկրետ ցուցանիշ չի կարող ասել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am