Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պետական միջոցները չթալանվեն, պայմաններ ստեղծվեն բիզնես գործունեության համար. Փաշինյանը ներկայացրել է սոցիալական ոլորտում իրականացվող քայլերը

Պետական միջոցները չթալանվեն, պայմաններ ստեղծվեն բիզնես գործունեության համար. Փաշինյանը ներկայացրել է սոցիալական ոլորտում իրականացվող քայլերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը թույլատրելի սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի ընտրական նոր օրենսգիրքն ընդունվի: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հեղափոխությունից հետո կատարած պարտավորությունների մասին:

«Մենք Հանրապետության հրապարակում չենք քննարկել, թե արտահերթ ընտրություններն ինչ տարբերակով պետք է տեղի ունենան: Եթե նույնիսկ քննարկած լինեինք, միևնույն է, խորհրդարանական ուժերի քվեարկությամբ պետք է որևէ օրենք անցնի կամ չանցնի: Ամեն դեպքում, ամեն ինչ տեղի է ունեցել հանրության աչքի առաջ: Կառավարությունը, թույլատրելիի սահմաններում ամեն ինչ արել է, որ օրենսգիրքն ընդունվի: Հույս ունեմ՝ որևէ մեկը մեզնից չէր ակնկալում, որ անթույլատրելի բան անեինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Անդրադառնալով սոցիալական հարցերին՝ նա նշեց, որ սոցիալական վիճակի փոփոխությունն իրենք պատկերացնում են այն նույն բանաձևի շրջանակում, ինչի շրջանակում կատարել են հեղափոխություն: Այն է՝ չկա մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետն առանձին լուծեն: Նա ընդգծեց, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն միմյանց հետ համագործակցության, երկխոսության միջոցով:

«Բյուջետային քաղաքականության համատեքստում մենք շատ քիչ չափով աշխատավարձերի որոշակի բարձրացումներ արել ենք: Մենք գնում ենք հարկային օրենսգրքի էական փոփոխությունների, որոնք սոցիալական հսկայական նշանակություն են ունենալու: Ես ուզում եմ ընդգծել, որ այդ սոցիալական փոփոխությունը տեղի է ունենալու աշխատանքի խրախուսման և հնարավորությունների ստեղծման շրջանակում: Մենք խոսում ենք միկրո բիզնեսը հարկերից ազատելու մասին, որով հավելյալ գումար ենք թողնում այդ մարդկանց մոտ: Դրանից բացի, քննարկում ենք անհատ տաքսու վարորդների հետ կապված շատ ռադիկալ մոտեցումը: Անհատ տաքսիստներից չենք պահանջելու վճար, ազատում ենք պարտավորությունից: Սոցիալապես անապահով խմբերի համար նվազեցրել ենք գազի էլեկտրաէներգիայի սակագները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նախատեսում են բյուջեով պարգևատրումների ֆոնդերն առավել կոնկրետացնել, բաշխումը կատարել աշխատանքի արդյունավետության սկզբունքով: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարության ամենակարևոր սոցիալական պատասխանատվությունն այն է, որ պետական միջոցները չթալանվեն, չգողացվեն, այլ ծախսվեն արդյունավետ, պայմաններ ստեղծվեն, որ բիզնես գործունեությունը զարգանա, հարկ վճարողների թիվն ավելանա:

«Պաշտոնական տվյալներով Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Բայց ես հասկանում եմ, որ դրանք բոլորը զրոյից չեն ստեղծվել, մի մասն այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել, նոր իրավիճակում ընկերությունները որոշել են ստվերից դուրս բերել: Աշխատանքի խրախուսումը մեր քաղաքականության առանցքն է, բոլոր նրանք, ովքեր աշխատունակ են, պետք է ոչ թե ակնկալեն ինչ-որ բան ստանալ կառավարությունից, այլ ակնկալեն աշխատելու հնարավորություն: Մարդու երջանկության կարևոր բաղադրիչն այն է, երբ նա աշխատում է, պատշաճ վաստակում է, հաճույք է ստանում: Մենք այդ քաղաքականությունը շարունակելու ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր խնդիրը երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է, և պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am