Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն. մանկապարտեզները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն առաջիկայում իր ուշադրության կենտրոնում է պահելու մանկապարտեզները, և անակնկալ ստուգումները շարունակվելու են:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի 4 մանկապարտեզ կատարած անակնկալ այցելություններին ու այնտեղ արձանագրած խնդիրներին:
Ստուգումներ մանկապարտեզներում
Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ Հայկ Մարությանը հարց բարձրացրեց՝ կապված մանկապարտեզներում հացի որակի հետ: Այնուհետև եղավ հանձնարարական խիստ ուշադրության կենտրոնում պահել երեխաների սնունդը, դրա մատակարարման ու պահման պայմանները, ժամկետները և այլն:
«Եթե մենք ուզում ենք առերեսվել իրականության հետ, ապա այցերը պետք է անենք առանց նախազգուշացնելու և հանկարծակի, որպեսզի իրական պատկերը տեսնենք: Սա կրելու է պարբերական բնույթ: Ցանկացած օր, ցանկացած պահի տեղակալի մակարդակով կարող է լինել այցելություն, ստուգում, վերահսկողություն, ուղղակի երեխաների հետ հանդիպում: Սա պետք է նորմալ ընդունել, սովորական աշխատանքային մոտեցում է: Ասեմ, որ «թեժ գծով» ևս զանգեր ստացել էինք, որոնք նույնպես մեր ստուգումների հիմք հանդիսացան: «Թեժ գիծը» մեր զարկերակն է, և մենք խիստ հետևում ենք այդ զանգերին, բարձրացվող խնդիրներին էլ հետևողական մոտեցում ենք ցուցաբերում»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:
Անակնկալ այցեր եղան Երևանի 47, 48, 78 և 87 մանկապարտեզներում: Այս մանկապարտեզները գտնվում են Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ համայնքներում: Տիգրան Վիրաբյանը նշեց, որ հիշյալ մանկապարտեզներում սննդի կազմակերպման առումով լուրջ խնդիր չի եղել: Սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված էին: Նրա խոսքով, ինքը խնդիր չի տեսել, որ դիմի Սննդի անվտանգության պետական ծառայությանը:
«Բայց ես գիտեմ, որ մեր վերահսկողությունը՝ սննդի ծառայությունը պարբերաբար իր ուշադրության կենտրոնում է պահում մանկապարտեզների սննդի հարցը: Վարչական շրջաններում մանկապարտեզների տնօրենների հետ անցկացնում ենք խորհրդակցություն, հստակ հանձարարականներ են տրված մի շարք հարցերի շուրջ»,-ասաց քաղաքապետի տեղակալը:
Հայտնաբերված խնդիրներ
Մանկապարտեզներ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, որոնք հասարակ մենեջմենթի բացակայության, անուշադրության, իներցիայի ուժով եկած անտարբերության հետևանք են: Տիգրան Վիրաբյանը նշեց, որ մանկապարտեզները նույն բյուջեն են ստանում, սակայն մի դեպքում տնօրինությունը կարողացել է միջոցները ճիշտ օգտագործել, մաքուր, լավ պայմաններ ապահովել, ինչպես շենքում, այնպես էլ շենքից դուրս, տարածքը կանաչապատել: Դրա կողքին, սակայն, եղել է մանկապարտեզ, որի բակային տարածքում առկա էր ամիսներով կուտակված աղբ:
«Այն հանդուրժելը խոսում է ղեկավարի գոնե անուշադրության մասին: Խնդիրներ կային շենքի լուսավորության առումով: Առկա էին շենքային խնդիրներ, որոնք գլոբալ լուծում չեն պահանջում, պարզապես ճիշտ մոտեցում է անհրաժեշտ: Կան խնդիրներ, որոնք մանկապարտեզների տնօրենների ուժերից վեր են, սակայն կան այնպիսիները, որոնք պահի լուծելու հարցեր են: Վարչական շրջանի ղեկավարին հրավիրեցինք մանկապարտեզ, նա անձամբ տեսավ այն իրավիճակը, որը տիրում է այնտեղ»,-ասաց նա:
Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ կա հստակ հանձնարարական առօրյա աշխատանքում խրախուսման և պատժի մեխանիզմ կիրառելու մասին: Պետք է կարողանալ, տեսնելով աշխատանքային թերությունը, կիրառել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, լավ աշխատանքի դեպքում, խրախուսել: Տիգրան Վիրաբյանի կարծիքով, համահավասարեցումը լավ տեղ չի հասցնի:
Վերանորոգման աշխատանքներ մանկապարտեզներում
Փոխքաղաքապետը նշեց, որ հստակ առանձնացվել են այն մանկապարտեզները, որոնք վերանորոգման կարիք ունեն: Մասնավորապես, 42 մանկապարտեզ ունի տանիքի վերանորոգման խնդիր, 47 մանկապարտեզ՝ պատուհանի և դռների, 86 մանկապարտեզ՝ մալուխի փոխարինման խնդիր: Կան մանկապարտեզներ, որտեղ կոյուղիների հետ կապված հարցեր կան: Առաջնահերթություններն առանձնացված են, վարչական շրջանների ղեկավարներին էլ տրվել են հանձնարարականներ: 2019 թվականի բյուջեով այդ խնդիրների մի մասին լուծում է տրվելու:
Մանկապարտեզները ազատել վարձակալներից
«Ցավոք, մեկ այլ խնդիր էլ կա: Մանկապարտեզների որոշ տարածքներ տրվել են վարձակալության: Կան տարածքներ, որոնց վարձակալության ժամկետը լրացել է, և վարձակալները դուրս չեն գալիս տարածքից: Կան դեպքեր, երբ առանց որևէ փաստաթղթի, իրավական հիմքի վարձակալները գործում են այդ տարածքներում: Մենք հիմա մեծ գործընթաց ենք սկսում մանկապարտեզները վարձակալներից ազատելու ուղղությամբ, փորձենք դրանք վերադարձնել մանկապարտեզներին: Ինչը օրենքի դաշտում է, որևէ խնդիր չի լինելու, բայց մեզ մոտ փաստերն ու փաստաթղթերն այլ բանի մասին են խոսում»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:
Խոսելով մանկապարտեզներում տեղերի պահանջարկի մասին՝ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ այս պահին դեռ չի կարող խոսել նոր մանկապարտեզների մասին, այժմ գործողների խնդիրների ախտորոշման փուլ է: «Մանկապարտեզները կառույցներից բեռնաթափելուց հետո նոր կարիք կլինի խոսել այդ մասին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն դեպքում, Էրեբունիում նոր մանկապարտեզ է կառուցվում:
Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կլինի կայքի շնորհանդես, որտեղ կներդրվեն մեխանիզմներ, որոնց միջոցով մանկապարտեզներում երեխաների հերթագրման գործընթացը կդառնա ավելի թափանցիկ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող մանկապարտեզներ է հաճախում 29 հազար 385 երեխա:
Աննա Գզիրյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում