Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը որպես սեփական ջանքերով բարեկեցության հասնելու օրինակ ներկայացրեց Գեղամասար համայնքի ղեկավարին

Նիկոլ Փաշինյանը որպես սեփական ջանքերով բարեկեցության հասնելու օրինակ 
ներկայացրեց Գեղամասար համայնքի ղեկավարին

ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները պետք է գնան միայն եւ միայն աշխատանքը խրախուսելու, քաջալերելու ճանապարհով: Այս մասին նշեց Գեղարքունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ Վարչապետի պաշտոնակատարը որպես սեփական քրտինքով, զրոյից մինչեւ բարեկեցության հասնելու օրինակ ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին: «Երբ խոսք է գնում բարեկեցության հասնելու մասին, շատերը մտածում են, թե դրան կարելի է հասնել այն ժամանակ, երբ երկիրը դառնա բարեկեցիկ: Մինչդեռ մարդիկ պետք է իրենց աշխատանքով բարեկեցություն ապահովեն թե՛ իրենց, թե՛ երկրի համար: Ես ուզում եմ բերել Գեղամասար համայնքի ղեկավարի օրինակը: Նա բնակվում է Սոթք գյուղում, որտեղ համատարած աղքատություն է նկատվում, բոլոր տները գտնվում են անշուք վիճակում, իսկ ահա այնտեղ աչքի է զարնում մի շքեղ առանձնատուն, որի սեփականատերը բարեկեցության է հասել զրոյից, սեփական քրտինքով վաստակ ստեղծելով: Մենք պետք է, որպես պետություն, քաջալերենք նման մարդկանց աշխատանքը: Իսկ հիմա ուզում եմ, որ նա ներկայանա ձեզ եւ պատմի, թե ինչ ջանքերի գնով է ստեղծել իր վաստակը»,-նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես ընտանիքով բռնագաղթի եմ ենթարկվել 1989 թվականին Ադրբեջանի Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից, որտեղ թողել ենք մեր ողջ ունեցվածքը: Բնակություն ենք հաստատել Վարդենիսի նախկին շրջանի Սոթք գյուղում: Չենք ունեցել նյութական հենք եւ հույսը դրել ենք մեր ուժերի վրա՝ մտածելով, որ ամեն տեղ էլ կարելի է քարից հաց քամել: Առաջին տարում կես հեկտար կարտոֆիլ ենք մշակել ձիով, հետո քիչ-քիչ ավելացրել ցանքերի մակերեսը: Այսօր արդեն մեր տնտեսությունը 150 հեկտար տարածքի վրա զբաղված է կարտոֆիլագործությամբ, ինչի արդյունքում մշտական կամ ժամանակավոր աշխատանքով են զբաղված բազմաթիվ մարդիկ»,-ներկայացրեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
ՀՀ վարչապետ պաշտոնակատարը կարեւորեց նաեւ մեր կյանքում բարեգործության ներկա տրամաբանության փոփոխությունը:«Ժամանակն է, որ մենք մեր երկրում փոխենք բարեգործության ներկայիս տրամաբանությունը, երբ մեկին լավություն անելու համար որոշակի օգնություն ենք տալիս ու շարունակում մտածել, թե ինչպես նոր օգնություն տանք մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո, երբ նա նորից կգա օգնության խնդրանքով: Մենք պետք է ավելի շատ մտածենք, թե ինչ անենք, որ օգնենք մարդուն՝ հաց աշխատելու ձեւերը գտնելու համար կողմնորոշվելու»,-շեշտեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am