Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ քաղաքացիները քվեարկելու են անձերի օգտին, այլ ոչ թե ծրագրերի

Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ քաղաքացիները քվեարկելու են անձերի օգտին, 
այլ ոչ թե ծրագրերի

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին գաղափարական պայքար, ըստ էության, չի լինի:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Քաղաքացիները քվեարկելու են անձերի օգտին, այլ ոչ թե ծրագրերի համար, ինչպես դա եղել է նախկինում: Այս ընտրությունների հիմնական ելքը կանխատեսելի է: Խորհրդարան կանցնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նիկոլ Փաշինյանն ունի բավական բարձր լեգիտիմություն: Խորհրդարանում կտեսնենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Իհարկե, նա, ամենայն հավանականությամբ, չի ունենա այնքան տեղ, որքան ներկայում ունի խորհրդարանում, սակայն իր կայուն ընտրազանգվածի շնորհիվ կզբաղեցնի երկրորդ տեղը: Երրորդ տեղի համար պայքար կգնա մի քանի քաղաքական ուժերի միջև՝ ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նկատեց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այնքան ձայն կհավաքի, որ մնացած կուսակցություններին քիչ տեղ կմնա: Հետևաբար, ՔՊ-ին լուրջ թվով պատգամավորներով ընդդիմություն չի սպասվում:

«Այսինքն, ըստ էության, կունենանք ներկայիս խորհրդարանի կառուցվածքը, պարզապես մեծամասնություն կստանա «Քաղաքացիական պայմանագիր»-ը, իսկ ընդդիմությունը կքննադատի, սակայն նրա ձայնը վճռորոշ չի լինի»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով քարոզարշավի մեթոդներից՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր քարոզարշավի մի մասը կկառուցի նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքներով՝ մանավանդ, որ ՀՀԿ-ն մասնակցում է: Դա անպատասխան չի թողնի ՀՀԿ-ն, որը քարոզարշավի ընթացքում իր քննադատությունները կուղղի ՔՊ-ին՝ ընդգծելով մինչ այժմ ունեցած բացթողումները: Այլ հարց է, թե դա ոնց կընդունի հասարակությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհիմնվի իր ավանդական ընտրազանգվածի վրա:

«Գագիկ Ծառուկյանն այն եզակի գործիչներից է, ով այս ամբողջ տարիների ընթացքում իր իմիջը կառուցում է «հասարակության միջից դուրս եկած մարդ» կերպարով: Նա մարդկանց ներկայանում է այնպես, որ ինքն իրենցից մեկն է, ոչնչով չի տարբերվում: Դա ռեսուրս է, որը նա կօգտագործի: «Սասնա ծռերը» կաշխատի ռադիկալ հատվածի ուղղությամբ, որն այնքան մեծ տոկոս չի կազմում: Սովորաբար, այդ ձայները ստացել է Դաշնակցությունը: Հիմա «Սասնա ծռերը» կփորձի այդ դաշտից ձայներ ստանալ»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան»-ին, ապա քաղաքագետը նշեց, որ այն ՔՊ-ի հետ մի հարթությունում է, հետևաբար, իր համար դժվար կլինի, սակայն այս քաղաքական ուժը կարող է աշխատել այն ընտրազանգվածի ուղղությամբ, որոնց հույսերը ՔՊ-ի նկատմամբ չեն արդարացել:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել ընտրություններից հետո: Պարզ է, որ ՔՊ-ի ունեցած այսպիսի բարձր վարկանիշը չի կարող մշտապես պահպանվել, այն գնալով իջնելու է: Այստեղ, հետևաբար, կարևոր է լինելու, թե ՔՊ-ն ինչ տնտեսական ծրագիր է առաջ քաշելու, ինչ քաղաքականություն է իրականացնելու: Դրան զուգահեռ՝ ակտիվանալու են քննադատական շեշտադրումները, թե խորհրդարանում հայտնված, թե խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի մոտ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]