Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին հորդորեց բացառել առաջիկա ընտրություներում վարչական լծակների կիրառման դեպքերը

Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին հորդորեց 
բացառել առաջիկա ընտրություներում վարչական լծակների կիրառման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների  հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ շեշտելով, որ այս փուլում իրենց համար շատ կարևոր է, որպեսզի բացառեն ընտրությունների ընթացքում վարչական լծակների կիրառումը, ընտրակաշառքը, մանկավարժներին ընտրական պրոցեսների մեջ ներգրավելու դեպքերը: «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որևէ մեկը չի կարող ձեր իմացած իմաստով «ասել», թե ում ընտրի: Քաղաքացիները պետք է հետևեն քարոզարշավին, քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներին, ծանոթանան ծրագրերին և որոշում կայացնեն իրենց քվեարկության վերաբերյալ: Ես ցանկանում եմ ասել, որ պետք է բացառվի դպրոցների տնօրենների և ընդհանրապես մանկավարժների ներգրավվածությունը քարոզչական գործընթացներում» Ոչ մի տնօրեն, ոչ մի ուսուցիչ չպետք է օգտագործի իր կարգավիճակը քարոզչություն անելու համար, որովհետև նրանց գործառույթը երեխաներին գիտելիք հաղորդելն է և նրանց կրթական պրոցեսը կազմակերպելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ շատ կարևոր է, որպեսզի կարողանան այս փուլում հրաժարվել բոլոր այն մեթոդներից, որոնք նախկինում կիրառվել են: «Գուցե, շատ դեպքերում, կառավարությունը, իշխանությունը ինքն է ներքաշել այն մարդկանց, ովքեր չպետք է լինեն ընտրական պրոցեսների մեջ, հիմա մենք պետք է դրանից հրաժարվենք: Իհարկե, այս պահին գործող Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ովքեր կարող են քարոզչություն անել, ովքեր չեն կարող քարոզչություն անել, սակայն ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ հանրային ծառայողները որոշակի առումով պետք է սահմանափակեն իրենց, որպեսզի հատկապես կրթական օջախները չքաղաքականացվեն: Իհարկե, հնարավոր է, որ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ լինեն հանձնաժողովի անդամներ, բայց դա կապ չունի ընտրական գործընթացի հետ, դա օրենքով սահմանված գործառույթ է, որը պետք է պատշաճ մակարդակով և օրինական ձևով իրականացվի: Ընդհանուր առմամբ, նրանք, ովքեր ունեն քարոզչության իրավունք, ունեն քարոզչության իրավունք: Խոսքն այդ մասին չէ, խոսքն այն մասին է, որ փորձ է արվում օգտագործել վարչական լծակներ, սպառնալիքների մեթոդներ կիրառել: Սա քաղաքացու կամքի սահմանափակում է, և մենք ոչ միայն դրանից պետք է հրաժարվենք, այլ այսպիսի ցանկացած դրսևորում պետք է  լուրջ հակազդեցության արժանանա»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրակաշառքը և նմանատիպ այլ երևույթները Հայաստանում այլևս տեղ չունեն: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իրավապահ մարմինների առջև այս առումով շատ լուրջ խնդիր է դրված: «Ես  չեմ ցանկանում, որ գործընթացներն այնպես գնան, որ մարդիկ այս զգուշացումներին լուրջ չվերաբերվեն: Ես կարծում եմ, որ որևէ մեկն ընդհանրապես պետք է փորձ չանի, որովհետև հետո կլինեն կալանավորումներ, ձերբակալություններ, հետո ցույց կանեն՝ կասեն ազատեք մեզ և այլն: Ավելի լավ է՝ մի արեք, քաղաքացիներին հանգիստ ենք թողնում: Իրենք թող որոշեն, թե ում են ընտրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց՝ հանկարծ չստացվի այնպես, որ կրիմինալը ընտրական պրոցեսներում որևէ ձևով ներգրավված լինի: Նրա խոսքով՝ այդ երևույթը ևս պետք է արմատախիլ անել, որովհետև քրեական հեղինակության տեղը կամ դերը քաղաքացուն քաղաքական ընտրություն պարտադրելը չէ: «Եթե որևէ մեկը քրեական տարր է, նրա տեղը բանտն է, նա պիտի լինի բանտում կամ էլ պետք է ապրի որպես օրինապահ քաղաքացի, հարգալից լինի երկրի օրենքների, հանրության, քաղաքացու նկատմամբ: Ես հույս ունեմ, որ մենք այս պայմանները ճշգրիտ կպահպանենք: Ես նաև հույս ունեմ, որ դուք բոլորդ ուրախ եք, որ կառավարությունը ձեր առաջ չի դնում խնդիրներ, որոնց կատարումը չի մտնում ձեր պաշտոնական գործառույթների մեջ»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ բոլոր քաղաքական ուժերը քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորություն կունենան:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am