Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Իրանցիների՝ հայաստանյան բանկերի հետ ունեցած փոխգործակցության վերաբերյալ

Իրանցիների՝ հայաստանյան բանկերի հետ ունեցած փոխգործակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությանը, տեղեկատվություն են հրապարակել առ այն, թե հայաստանյան որոշ բանկեր իրենց այն հայ հաճախորդներին, որոնք նաև ունեն Իրանի քաղաքացիություն, ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված նախազգուշացրել են փակել իրենց բանկային հաշիվները` հակառակ դեպքում դրանք կսառեցվեն:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել ԱՄՆ կողմից Իրանի ֆինանսական և նավթային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և արդեն իսկ դրանք իրենց բացասական ազդեցությունն ունեցել են երկրի ներսում: Ի դեպ, Հայաստանում գործող իրանական «Մելլաթ բանկը» ևս հայտնվել է պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների ցանկում:

Բացի ամերիկյան պատժամիջոցներից՝ մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա, որը դժվարացնում է ինչպես Իրանի հետ համագործակցել բանկային ոլորտում, այնպես էլ ԻԻՀ քաղաքացիների համար է խնդիրներ ստեղծում օտարերկրյա բանկերի հետ համագործակցել:

Խոսքը վերաբերում է Իրանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիայի (CFT) մասին օրինագծի ընդունմանը, որն այն նախապայմաններից մեկն է, որի բավարարումից հետո Իրանը հնարավորություն կունենա միանալ Փողերի լվացման դեմ պայքարով զբաղվող ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբին՝ FATF-ին:

Միջուկային համաձայնությունից հետո Իրանի կառավարությունը FATF – ի սև ցուցակից դուրս գալու համար լուրջ ջանքեր է գործադրում: Հենց այդ նպատակով էլ շուրջ երկու ամիս առաջ մեծ դժվարությամբ Հասան Ռուհանիի կառավարությանը հաջողվեց CFT-ին միանալու մասին օրինագիծն ընդգրկել Մեջլիսի օրակարգ, որն ընդունվեց թեժ պայքարի արդյունքում:

Օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորները գտնում էին, որ դավաճանություն է միանալ նման կոնվենցիային, իսկ օրինագծին կողմ արտահայտվողները, այդ թվում արտգործնախարար Զարիֆը՝ գտնում էին, որ CFT-ին, իսկ այնուհետև FATF-ին միանալով ՝ Իրանի ֆինանսական և բանկային համակարգի նկատմամբ առաջացած շատ խոչընդոտներ կվերանան և Թեհրանը կկարողանա միջուկային համաձայնության շրջանակներում շարունակել Եվրոպայի հետ տնտեսական համագործակցությունը:

Ուշագրավ է, որ նույնիսկ Ռուսաստանը, որի միջոցով Իրանը փորձում է շրջանցել ամերիկյան պատժամիջոցները Իրանին պարտադրում է համագործակցել FATF-ի շրջանակներում: ՌԴ կենտրոնական բանկն Իրանին նախազգուշացրել է, որ առանց FATF-ին միանալու՝ Իրանը չի կարող տնտեսական լայն համագործակցություն ունենալ Ռուսաստանի հետ:

Այդ համատեքստում պետք է նշել, որ նույնիսկ միջուկային համաձայնությունից հետո, երբ անհամեմատ բարենպաստ միջավայր էր ձևավորված, ԻԻՀ քաղաքացիները (նաև մեր հայրենակիցները) հայաստանյան բանկերում հաշիվներ բացելու հարցում դժվարություններ են ունեցել, ուստի տրամաբանական է, որ ամերիկյան պատժամիջոցներից հետո ՀՀ բանկերը պետք է վերանայեին իրենց մոտեցումները. Ի դեպ, վրացական բանկերն իրանցիների բանկային հաշիվները սառեցնելու գործընթացը սկսել էին դեռ երկու ամիս առաջ:

Անդրադառնալով ԻԻՀ քաղաքացիների՝ հայաստանյան բանկերի հետ ունեցած փոխգործակցությանը՝ ապա առկա խնդիրը պետք է դիտարկել երկու հարթության մեջ՝

Ա. ՀՀ բանկերը՝ որպես միջազգային բանկային համակարգի մի մասնիկ, պարզապես գործում են միջազգային ընդունված նորմերին համահունչ,

Բ. Յուրաքանչյուր ընկերություն, ֆինանսական կազմակերպություն, այդ թվում՝ առևտրային բանկերը, լինեն դրանք Հայաստանում, Իրանում թե ԱՄՆ-ում, որևէ գործարք կատարելիս նախ և առաջ գնահատում են առկա ռիսկերն ու կանխատեսում ակնկալվող շահույթը:

Հետաքրքիր զուգադիպությամբ, նոյեմբերի 5-ին ամերիկյան պատժամիջոցների՝ ուժի մեջ մտնելու օրն Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը (այս կառույցն է հաստատում Մեջլիսի ընդունած օրենքները) չհաստատեց CFT-ին միանալու մասին ԻԻՀ խորհրդարանի ընդունած օրինագիծը, որն ամերիկյան պատժամիջոցների պայմաններում լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու Իրանի ֆինանսական, այդ թվում՝ բանկային համակարգի համար:

Ուստի վերոնշյալ գործընթացները վկայում են, որ Իրանի քաղաքական ուժերը պատժամիջոցներից խուսափելու, դրանց բացասական հետևանքները վերացնելու հարցում չունեն միասնական դիրքորոշում: Մեջլիսում տեղի ունեցած քննարկումներն ավելի շատ նման են նախընտրական քարոզչության, քան առկա խնդիրները լուծելուն ուղղված մտահոգության:

Արմեն Իսրայելյան

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ