Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

ՄԻՊ-ը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ԵԽ և ՄԱԿ


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Կարեն Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում գերեվարվելուց անմիջապես հետո մենք նույնպես ներգրավվել ենք գործընթացում, որովհետև մեզ դիմել էին Կարեն Ղազարյանի ազգականները: Մենք մի քանի անգամ իրենց հետ քննարկումներ ենք ունեցել: Վերջերս ծնողներից նորից ստացանք բողոք, անհանգստություն, որ իրենք ունեն ոչ բավարար տեղեկություններ իրենց որդու` Կարեն Ղազարյանի մասին: Դա առիթ հանդիսացավ, որ ես արդեն ուղղակիորեն դիմեի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԱԿ-ի հանձնակատարին, հիմա մենք սպասում ենք արձագանքների: Ընդհանուր առմամբ մեզ մոտ նույնպես կա այդ մտահոգությունը, որ կա նրա նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման վտանգը»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից Ղազարյանին, որպես հետախույզ ներկայացնելու հակափաստարկներն ինքը տրամադրել է միջազգային կառույցներին:

«Կարեն Ղազարյանը ներկայացվում է որպես դիվերսանտ, զինվորական, բայց, բնականաբար, այն փաստաթղթերը, որ մենք ունենք, ես ներկայացրել եմ միջազգային կառույցներին, որ իրականում Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, երբևէ չի ծառայել զինված ուժերում, ավելին` նաև առողջական վիճակի հետ կապված եղել են որոշակի խնդիրներ: Քանի որ տեղեկությունը հրապարակային է, կարող եմ ասել նաև, որ հարցը վերաբերում էր նաև հոգեկան առողջությանը»,- նշեց նա:

Արման Թաթոյանի խոսքով` ինքը տեղեկություն ունի, որ փաստաբանների կողմից միջազգային որոշակի գործընթաց է նախաձեռնված, ինչին իրենք փորձելու են աջակցել:

Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը 2018 թ. հուլիսի 15-ից գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ