Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Անասնաֆերմա» գիրքն առաջին հորիզոնականում է. Թարգմանական գրականություն. հոկտեմբեր, 2018  

«Երևանյան բեսթսելեր». «Անասնաֆերմա» գիրքն առաջին հորիզոնականում է. 
Թարգմանական գրականություն. հոկտեմբեր, 2018

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է հոկտեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը:  «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիստական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը երկրորդ հորիզոնականում է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ զգացմունքային ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից: Թարգմանիչ՝ Ալինա Միրզոյան:

Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը: Այն մեծ գրողի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Չորրորդ հորիզոնականում է հայտնվել ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ: Ժողովածուի գործերի թարգմանությունները՝ Վ. Միքայելյանի, Ա. Կոթիկյանի, Ս. Պայազատի, Ալ. Ծատուրյանի, Հովհ. Ղուկասյանի, Դ. Դեմիրճյանի, Ստ. Զորյանի և այլոց:

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը հինգերորդ տեղում է: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերեն է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը:

Վեցերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Յոթերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ դրանք համարելով դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքն ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»  է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի:

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառա­բանություններով։ 2009 թ. The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

 

Տեղ. Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 * Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա» Անտարես 42
2 0 Ջոն Գրին, «Աստղերն են մեղավոր» Էդիթ Պրինտ 36
3 -2 Ուիլյամ Սարոյան, «Հայրիկ, դու խենթ ես»  Անտարես 34
4 * Գի դը Մոպասան, «Ընտիր նովելներ»  Բուկինիստ 25
5 * Խալիլ Ջիբրան, «Մարգարեն» Քչյուրքչյան 24
6 0 Նարինե Աբգարյան, «Մանյունյա» Դար 22
7 -2 Ռեյ Բրեդբըրի, «Ֆարենհայթ 451» Զանգակ 22
8 -4 Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը» Անտարես 20
9 * Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, «Մեծն Գեթսբին» Զանգակ 18
10 *  Ջորջ Օրուել, «1984» Անտարես 17

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]