Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը ներկայացվեց ընթերցողներին


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը ընթերցասեր հանրության դատին հանձնեց  «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի  15-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:

«Շատ երկար եմ սպասել այս աշխատության անգլերեն տարբերակին: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած արժեքավոր գաղափար հաճախ պատահական է ծնվում: Դա պայմանավորված է գիտելիքների, իմացության, փորձառության  հսկայական պաշարներով: Փելեշյանը երկու ոտքով կանգնած լինելով հողի վրա՝  միևնույն ժամանակ տիեզերական բարձունքից  երկրագնդին նայելու անհավանական ունակություն ունի: Դա ապացուցում է, որ վարպետն իր միտքը զարգացրել է  «վտանգավոր» աստիճանի: Մենք չէ, որ պետք է գնահատական տանք  այս աշխատությանը, բայց, ըստ իս,  այն ոչ միայն տեսություն է, այլև ընթերցողի միտքը կառավարելու  լավագույն տարբերակ»,-նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը:

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ իրեն շատ է տպավորել Արտավազդ Փելեշյանի հատկապես առաջին թռիչքը:
«Հիշում եմ՝ նրա «Սկիզբը» ֆիլմը բացառիկ արժեք էր, որը միջազգային կինոփառատոնում ներկայացնում էր Խորհրդային ամբողջ կինոարտվեստը, և այն շարունակում է մնալ  փելեշյանական հսկայական արվեստի առաջնեկը, և  եզակի արվեստագետների է տրված ունենալ այդպիսի սկիզբ»,-շեշտեց Մանսուրյանը:

Արտավազդ Փելեշյանը  հումորով ասաց, որ վստահ է՝ բոլորը անգլերեն գիտեն ու կկարդան գիրքը: Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, որոնք աջակցել են իրեն գրքի հրատարակության համար:

Գրքի ռուսերեն տարբերակը հրատարակվել է 2017 թվականին:

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Սովորել է ՎԳԻԿ -ի ռեժիսորական ֆակուլտետում։ 1972 թվականին Լև Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» կինոնկարը:

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը» մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները: Ուսանելու տարիներին նա նկարահանել է «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով: 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» կինոնկարը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ