Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Հայաստանի տնտեսական աճը երրորդ եռամսյակում կազմել է 2.7%


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական աճը 2018թ.-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2.7 տոկոս, իսկ նախորդ եռամսյակի համեմատ 29.5 տոկոս։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալներով՝ 2018թ.-ի երրորդ եռամսյակի ՀՆԱ-ն կազմել է 1 տրիլոն  676 մլրդ 535.3 մլն դրամ։ ՀՆԱ հավելաճին նպաստել են տնտեսության առևտուր և ծառայություններ ու արդյունաբերություն ճյուղերը, համապատասխանաբար՝ 4.3 և 0.5 տոկոսային կետերով։ ՀՆԱ-ի հավելաճին բացասաբար է ազդել գյուղատնտեսությունը՝ -2.6 տոկոսային կետով, իսկ շինարարությունը տնտեսական աճի վրա ազդեցություն չի ունեցել։ 

2018 թվականի երրորդ եռամսյակում ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 19.1% կամ 320,1 մլրդ դրամ, արդյունաբերությանը՝ ներառյալ էներգետիկան 15.7% կամ 264.8 մլրդ դրամ, շինարարությանը՝ 7.1 % կամ 119 մլրդ և առևտուր ու ծառայություններ՝ 50.3 % կամ 842.3 մլրդ դրամ։ 

2018թ.-ի երրորդ եռամսյակում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշակող արդյունաբերության ոլորտում գրանցվել է 13.7 տոկոս աճ, մեծածախ և մանրածախ առևտրի ճյուղում՝ 9 տոկոս աճ, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 20.2 տոկոս: Հանքագործական արդյունաբերություն և բացհանքերի շահագործում ոլորտում անկումը նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 6.4 տոկոս, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ՝ 30.5 տոկոս։ Անշարժ գույքի հետ կապված գործունեությունը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 0.8 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտում նկատվել է անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 10.8 տոկոս, նախորդ եռամսյակի նկատմամբ ճյուղն աճել է 155.4 տոկոսով։

2018թ.-ի առաջին և երկրորդ եռամսայկների տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ կազմել է համապատասխանաբար 9.7 տոկոս և 7.5 տոկոս։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ