Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Կառավարությունը հավանություն տվեց Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծմանը  


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» միջազգային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հիմնավորման համաձայն, 2017 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու առաջարկությամբ, որն ընդունվել է ԱՊՀ անդամ մի շարք պետությունների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Ընթացիկ փուլում են նոր միջազգային կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները:
Նախագծում նշվում է, որ, ի տարբերություն ՄԱԿ-ի, ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի հետ ՀՀ համագործակցությունը դրվելու է ավելի ամուր հիմքերի վրա, քանի որ գործելու է համապատասխան համաձայնագիր, և բյուրոյում ՀՀ-ն ներկայացված է լինելու իր ներկայացուցչով: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի լիարժեք քննություն անցկացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մինչդեռ Չիկագոյի կոնվենցիայի շրջանակում ՀՀ-ն ունի որոշակի պարտավորություններ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնելու մասով:
Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում, որ «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնող լիազոր մարմնի հետ մեկտեղ, որի գործառույթները ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննությունների անցկացումից բացի ընդգրկում են նաև թռիչքային անվտանգության հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրում, Հայաստանի Հանրապետությունը քննությունների անցկացման մասով անդամակցի տվյալ գործառույթներով զբաղվող միջազգային հեղինակություն ունեցող տարածաշրջանային մարմնին՝ բյուրոյին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը: Այդ նպատակով ՀՀ-ում իրականացվում է ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարությունների ու քաղաքականութան մշակումը, ներդնումը և շարունակական բարելավումը: Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը թույլ է տալիս բացահայտել իրադարձության պատճառները և ձեռնարկել միջոցներ դրանք ապագայում կանխելու նպատակով՝ միաժամանակ բարձրացնելով թռիչքային անվտանգության մակարդակը:

Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը՝ նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ