Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Երևանում շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է. հայտնում են քաղաքային դիսպանսերից


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարային դիաբետը կամ, ինչպես նաև հայտնի է, դարի հիվանդությունը ամենատարածվածներից է: Յուրաքանչյուր տարի աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է որպես  դիաբետի դեմ պայքարի միջազգային օր՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու հիվանդության հետ կապված խնդիրները:

Երևանում շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է: Մասնագետները պնդում են, որ պատճառը հիպոդինամիան է, ոչ ճիշտ ապրելակերպը, գենետիկ նախատրամադրվածությունը:

Երևանի քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2016 թվականի հունվար ամսին իրենց մոտ գրանցվել է 28 հազար 914 շաքարային դիաբետ ունեցող անձ: 2017 թվականին՝ Երևան քաղաքում ցուցանիշն աճել է՝ դառնալով  30 հազար 703:  2018 թվականի նոյեմբերի դրությամբ դիսպանսերում գրանցված հիվանդների թիվը 31 հազար 975 անձ է:

«Շաքարային դիաբետը քրոնիկ-բուժելի հիվանդություն է: Բուժման հիմքում առողջ ապրելակերպն է, սննդակարգի պահպանումը, ֆիզիկական ակտիվությունն ու դեղորայքային բուժումը՝անկախ հիվանդության տիպերից»,-տեղեկացրին քաղաքային դիսպանսերից:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայում իրականացվում է շաքարային դիաբետով հիվանդների հետազոտում և բուժում ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում։

Հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի փոխանցմամբ՝ տարեկան ստացիոնար պայմաններում բուժվում են շաքարային դիաբետ ունեցող շուրջ 400 մեծահասակ։ Ինչպես նաև կլինիկային կից գործող մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերում ներկա պահին բուժվում և հսկվում են շուրջ 530 առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաներ։

Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը:

Այս հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտազատում (ՇԴ 1 տիպ), կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը (ՇԴ 2 տիպ): Ինսուլինն արյան մեջ գլյուկոզի պարունակության մակարդակը կարգավորող հորմոն է, որը պայմանավորում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Այսպիսով, շաքարային դիաբետը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ, որն իր հերթին նպաստում է նյութափոխանակության խանգարմանը:

Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշերն են ընդհանուր թուլությունը, հոգնածությունը, մեզի քանակի ավելացումը կամ հաճախամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացումը (պոլիդիպսիա), մշտական քաղցի զգացումը, քաշի անկումը կամ ավելացումը, տեսողության վատթարացումը, վերքերի դանդաղ լավացումը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ