Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Արցախում կառուցվելու է Սարսանգն ու Մարտակերտը կապող նոր ջրանցք. կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում առաջիկայում օտարերկրյա ներդրումներով մեկնարկելու է Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ներդրումային ծրագրին՝ Հարությունյանը նշել է, որ պայմանավորվածության համաձայն՝ կներդրվի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար:
 
«Ինչպես հիշում եք, եվրոպական երկրներ կատարած իմ վերջին այցի ընթացքում, տեղեկացնելով ներդրումային որոշ ծրագրերի մասին, ասել էի, որ պետք է սպասել լավ նորությունների: Ուրախ եմ արձանագրել, որ այցի ժամանակ և դրան հաջորդած ինտենսիվ քննարկումներից հետո հաջողությամբ ավարտել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները: Ծրագիր, որին շատ երկար ենք սպասել, և որն, իմ պատկերացմամբ, դառնալու է Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը»,- նշել է Հարությունյանը և հիշեցրել, որ ոռոգման համակարգը Արցախում մեծ ներդրումների կարիք ունի: Այսօրվա դրությամբ ունենք մինչև 10,000 հեկտար ոչ կանոնավոր ոռոգվող այգի ու դաշտ, որը կազմում է մշակվող հողատարածքների մոտ 10 տոկոսը: Այսինքն նոր ծրագրով նախատեսվում է ավելի քան կրկնապատկել առկա ծավալը:
 
Հարությունյանի տեղեկացմամբ՝ ներդրողների հետ պայմանավորվել են նաև ջրատարն ապահովող կասկադի վրա նոր ՀԷԿ-երի կառուցման մասին, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ խթանելով դրա արտահանումը:
 
«Ի դեպ, այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ մեր հանրապետությունում արտադրվել է ավելի քան 290 մլն ԿՎտ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 20.5 տոկոսով: Նշված ծավալից ներքին սպառման համար օգտագործվել է 267 մլն ԿՎտ-ն: Իսկ առաջիկա տարիներին հանրապետությունում արտադրվող էլեկտրանէներգիայի ծավալը նախատեսում ենք հասցնել մինչև 1 մլրդ ԿՎտ-ի»,- գրել է Հարությունյանը:
 
Ներդրող ընկերության բաժնետերերը, որոնք հայկական ծագում չունեն, իրենց կարևոր մասնակցությունը կունենան նաև այգեգործության զարգացման գործում: Այս օրերին Արցախում են գտնվում այդ ընկերության պատասխանատուները, և, ըստ Հարությունյանի, նրանց հետ արդեն քննարկում են ծրագրի մեկնարկի ժամկետներն ու տեխնիկական որոշ հարցեր:
 
«Հավատացեք, որ հեռու չէ այն օրը, երբ Մարտակերտի դաշտավայրային հատվածը կդառնա ծաղկուն գոտի, որտեղ կստեղծվեն տասնյակ վերամշակող ընկերություններ և հազարավոր նոր աշխատատեղեր:
 
Նշեմ նաև, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվում, քանի որ Սփյուռքի մեր բարերարների հետ այս օրերին ավարտում ենք բարեգործական մի շարք ծրագրերի քննարկումը, որոնց մասին կտեղեկացնեմ ավելի ուշ»,- գրել է Հարությունյանը:
 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ