Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գյումրու ավագանին քաղաքի անօթեւանության խնդրի լուծման ուղերձով կդիմի ՀՀ կառավարությանը

Գյումրու ավագանին քաղաքի անօթեւանության խնդրի լուծման ուղերձով կդիմի ՀՀ 
կառավարությանը

ԳՅՈՒՄՐԻ,13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրի համայնքի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը ավագանու նիստի օրակարգ է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է կառավարությանը դիմել ուղերձով՝ առաջարկելով պետական հատկացումների շնորհիվ լուծել ժամանակավոր կացարաններից Գյումրին ազատելու խնդիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է ձևավորել հանձնաժողով և գույքագրել Գյումրու տնակային տնտեսությունը, որոշել ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների և կացարանների տերերի՝ արժանապատիվ բնակարաններ տեղափոխվելու պայմանները և կարգը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց ուղերձի տեքստը ենթարկել որոշակի փոփոխությունների, մասնավորապես, չհիշատակել անօթևանների որոշակի թիվ և չմատնանշել, թե պետական բյուջեի քանի տոկոսն է հարկավոր հատկացնել՝ անօթևանության խնդիրը վերացնելու համար:«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից 30 տարի անց հազարավոր ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում:

ՀՀ պետական կարճաժամկետ ծրագրերում այս ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը արտացոլված չէ: Այս ընտանիքների անօթեւան դառնալու պատճառները տարբեր են՝ երկրաշարժի հետևանքով անօթեւան դարձածներ, երկրաշարժից ի վեր բնական աճ ունեցած ընտանիքներ, որոնց բնակարանային փոխհատուցումը ՀՀ կառավարության 1999 թվականի թիվ 432 որոշման պատճառով անբավարար է եղել ընտանիքի բոլոր անդամներին բնակարանով ապահովելու համար, բնակարաններ ստացած և տարբեր սոցիալական պատճառներով բնակարանը օտարած եւ տնակներում ապաստանած ընտանիքներ, զանազան պատճառներով հաշվառումից դուրս մնացած ընտանիքներ:

Գյումրեցի անօթևան ընտանիքների հարցը լրջորեն սերտաճած է եղել քաղաքական եւ համապետական մի շարք խնդիրների հետ, այդ թվում՝ պետական կոռուպցիայի, պետական իշխանության վարած տարածքային խտրական քաղաքականության, անարդյունավետ ծախսումների, աղքատության եւ այլ խնդիրների հետ: Ապրիլյան հեղափոխությունից հետո երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հանրային միջոցների ավելի արդյունավետ կառավարում է իրականացվելու, ավելի մեծ ուշադրություն է դարձվելու կարիքավոր, անապահով եւ չքավոր խավերի խնդիրների լուծմանը, հնարավորություն է ստեղծվելու պետական հատկացումների շնորհիվ արժանապատիվ կերպով լուծել ժամանակավոր կացարաններից Գյումրին ազատելու խնդիրը»,-նշված է որոշման նախագծում:

Ուղերձի նախագիծը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց: Նույն խմբակցության կողմից ներկայացված հաջորդ հարցը կրկին ուղերձի տարբերակով ՀՀ Կառավարությանը դիմելն է՝ այս անգամ համայնքապատկան մանկապարտեզներն անվճար դարձնելու նպատակով: Ուղերձով Գյումրիի ավագանին խնդրում է կառավարությանը տարեկան պետական բյուջեից կամ այլ հնարավոր միջոցներից տրամադրել 259 մլն դրամ սուբվենցիա: Այդ հատկացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել Գյումրու բոլոր մանկապարտեզահասակ երեխաների անվճար նախնական կրթությունը մեկ տարվա ընթացքում: Այս ուղերձը ևս ավագանին որոշեց առաջիկայում ներկայացնել ՀՀ կառավարությանը: Ընդհանուր առմամբ, ավագանու քննարկմանը ներկայացվել էր 23 հարց, այդ թվում՝ անապահով քաղաքացիներին դրամական աջակցության, Ավետիք Իսահակյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի հրատարակման համար 1 մլն 300 հազար դրամ գումար և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառման համար 1 մլն 989 հազար դրամ գումար հատկացնելու մասին և այլ նախագծեր։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am