Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գրողների միության նախագահը մասնակցել է Պոզնանի «Բանաստեղծական նոյեմբեր» միջազգային 41-րդ փառատոնին

Գրողների միության նախագահը մասնակցել է Պոզնանի «Բանաստեղծական նոյեմբեր» 
միջազգային 41-րդ փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Պոզնանի «Բանաստեղծական նոյեմբեր» միջազգային 41-րդ փառատոնը, որին հրավիրված էին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից, փառատոնն այս տարի նվիրված էր Գերմանիայի դեմ Վելկոպոլսկի (Պոզնանի) հաղթական ապստամբության 100-ամյակին: Ի նշանավորումն պատմական իրադարձության, «Հիշողության ալիքների վրա» խորհրդանշական վերնագիրը կրող ալմանախի շնորհանդեսը կայացավ Ադամ Միցկևիչի անվան համալսարանում, փառատոնի բացման արարողության ընթացքում: Այստեղ, ի թիվս այլ հրավիրյալների,  իրենց ստեղծագործություններով հանդես եկան նաև հայ բանաստեղծները:
Փառատոնի ծրագրում ընդգրկված էր Էդվարդ Միլիտոնյանի նախագծով Գագիկ Դավթյանի կազմած «Երկխոսություն. Հայաստան – Լեհաստան» երկլեզու գիրքը, որ յուրօրինակ հայացք է վերջին տարիների հայ-լեհական գրական կապերի պատմությանը՝ արտացոլված «Գրական թերթի» էջերում, երկու երկրներում հրատարակված պոեզիայի անթոլոգիաներում, հայ և լեհ գրողների գրքերում, դրանց արժևորումներում, տարաբնույթ հանդիպումների մասին պատմող լուսանկարներում:
Ընդգծված հետաքրքրություն էր առաջացրել գիրքը (թարգմանիչներ Գ. Դավթյան և 
Կ. Զիոլա), որի շնորհանդեսը «Lech Hotel»-ի կոնֆերենց – դահլիճում վերաճեց հայ – լեհական բանաստեղծական մարաթոնի: Այստեղ Էդվարդ Միլիտոնյանը և Գագիկ Դավթյանը հայ-լեհական մշակութային կապերն ամրապնդելու և գրական նշանակալի գործունեության համար արժանացան լեհ դասական էքսպրեսիոնիստ Տադեուշ Միչինսկու անվան միջազգային մրցանակների և Լեհաստանի ԳՄ Պոզնանի բաժանմունքի շնորհակալագրերի, իսկ հայ պոեզիայի բարձրարվեստ թարգմանություևների և հանրահռչակման համար ՀԳՄ նախագահը «Գրական բարերար» կոչում շնորհեց Կալինա Իզաբելա Զիոլային: 
Փառատոնի շրջանակներում Էդ. Միլիտոնյանը և Գ. Դավթյանը եղան Շրենիավա բնակավայրում, որտեղ 1918-ին բռնկվել է Վելկոպոլսկի ապստամբությունը, հանդիպում ունեցան Շրեն քաղաքի հանրային գրադարանում, որտեղ հատուկ ցուցատախտակ էր ձևավորված հայ բանաստեղծների և Կալինա Զիոլայի նկարներով և ծավալուն կենսագրականներով: Սրտառուչ էր հայ և լեհ պատմական և գրական առնչությունների մասին երկխոսություն - հանդիպումը Շրեն քաղաքի խոշոր լիցեյներից մեկի մանկավարժների և սաների հետ:
 
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am