Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մահացել է լուսանկարիչ Զավեն Բշտիկյանը

Մահացել է լուսանկարիչ Զավեն Բշտիկյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 10-ին, 87 տարեկանում  կյանքից հեռացավ հայ լուսանկարչական լրագրության հիմնադիրներից, խորհրդահայ շրջանի ամենագործունյա լուսանկարիչներից մեկը`  Զավեն Հովսեփի Բշտիկյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ժուռնալիստների միությունից: 

Զավեն Բշտիկյանը ծնվել էր 1930 թվականին Բեյրութում և իր մասնագիտությանը ծանոթացել  հենց այնտեղ` դեռահաս տարիքում: 1946 թվականին Հայաստան ներգաղթելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Այստեղ նա հմտացել է լուսանկարիչ Պարգև Չոլագյանի ղեկավարության ներքո:

Այդ ժամանակից սկսած Զավեն Բշտիկյանն անշրջանցելի մասնակցություն է ունեցել հայաստանյան ֆոտոլրագրությանն ու իր ծանրակշիռ ավանդն է բերել լուսանկարչական լրագրության հայկական դպրոցի կայացմանը:

Իր ավելի քան կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում Բշտիկյանն իր լուսանկարներով հագեցրել է հայկական բացառապես բոլոր թերթերի և ամսագրերի էջերը: «Սովետական Հայաստան», «Հայաստանի աշխատավորուհի», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան», «Գիտություն և տեխնիկա», «Երեկոյան Երևան»… ահա լրատվամիջոցների այն ոչ ամբողջական ցանկը, որոնց էջերում հայ ընթերցողն ամեն օր հանդիպում էր Զավեն Բշտիկյանի լուսանկարներին: Բշտիկյանը կարողացել էր ստեղծել մի ստվար լուսանկարչական պատկերասրահ, որը եզակի է հայ լուսանկարչության պատմության մեջ թե՛ իր ծավալով, և թե՛ իր մշակութաբանական արժեքով: Նրա նատուրալիստական ֆոտոները ներկայացնում էին կյանքի բոլոր բնագավառներում ընդգրկված անհատներին:

Այս ընդարձակ արխիվի մեջ հատուկ տեղ էին զբաղեցնում նորաձևությունը գովազդող լուսանկարները: Այսօր հայաստանյան դիզայնի այս բնագավառի պատմության մասին կարելի է պատկերացում կազմել միայն իր լուսանկարների միջոցով:

Լրագրողական լուսանկարչությունից բացի, Զավեն Բշտիկյանը նաև գեղարվեստական լուսանկարչության ներկայացուցիչ էր: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միութենական մրցույթների: Լենինգրադում կայացած համամիութենական գլխավոր ստուգատեսում արժանացել  է հատուկ մրցանակի և արծաթե մեդալի:

Զավեն Բշտիկյանը կյանքի ողջ ընթացքում տարված է եղել նաև գեղանկարչությամբ: Նկարչության հանդեպ այդ սերն ակնհայտ է նրա գունավոր լուսանկարներում, որոնք անկասկած նրա առավել կատարելագործված աշխատանքներն են:

Զավեն Բշտիկյանը հիրավի համարվում է լուսանկարչական լրագրության ականավոր ներկայացուցիչներից մեկը, որի նորարարությունները և ուրույն մոտեցումներն իսկապես հարստացրել են հայ լուսանկարչական դպրոցի ավանդույթները:

                                             

Զավեն Բշտիկյանը ծնվել է 1930թ. Բեյրութում, տոհմիկ զեյթունցիների ընտանիքում: Հաճախել է Բեյրութի Մխիթարյան վարժարանը: 1946թ. Ներգաղթել է Հայաստան և  անմիջապես աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Աշխատանքային կեսդարյա գործունեության ընթացքում թղթակցել է հայաստանյան գրեթե բոլոր թերթերին և ամսագրերին: Մասնագիտական գործունեությունն ավարտել է «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես դրա ամենաբազմամյա ֆոտոթղթակից: Հայաստանի անկախացումից հետո թղթակցել է «Մունետիկ» շաբաթաթերթին:

Զավեն Բշտիկյանն ամուսնացած էր: Ուներ 2 որդի և 6 թոռ: 

Զավեն Բշտիկյանի  հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին Սան Լազար սգո սրահում` Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 13-ին ժամը 14:00-ին նույն տեղից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am