Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին


ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Գյումրի Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին ՝ ժամը 13:00-ից 19:00-ը:

Լեգենդար մարզիկի դին Երևանում կլինի նոյեմբերի 13-ին: Ժամը 10:00-ից 13:00-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ լեգենդար ծանրորդին: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

Նոյեմբերի 2-ին 62 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է հայկական սպորտի լեգենդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը:Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ