Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընդդիմություն պետք է դառնալ, այլ ոչ թե նշանակվել

Ընդդիմություն պետք է դառնալ, այլ ոչ թե նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական դաշտում մեկնարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Քաղաքական ուժերը կազմում են նախընտրական ցուցակները, կազմավորում շտաբները, ճգրտում նախընտրական քարոզաշրավի մարտավարությունն ու սկզբունքները։ Այս տեսանկյունից հետաքրքրական են նախկին իշխող ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մոտեցումներն ու հռետորաբանությունը՝ հաշվի առնելով նրա 10-ամյա իշխանությունն ու այն հեղափոխության արդյունքում կորցնելու փաստը։

ՀՀԿ-ի ներկայացուցիչները թեև դեռ չեն հաստատել կամ մերժել իրենց մասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն իրենց դիրքավորում են որպես «միակ» ու «կառուցողական» ընդդիմություն։  Մինչև վերջերս, ամեն կերպ դիմադրելով խորհրդարանական արտահերթ ընտրութունների անցկացմանը, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, այսօր այլ ելք չունի, քան համակերպվել ընտրությունների կայացման փաստի հետ, ինչի արդյունքում էլ ստիպված փոխել է իր հռետորաբանությունը։ Խոսելով իր՝ որպես «միակ» ու «իսկական» ընդդիմություն լինելու մասին, ՀՀԿ-ն փորձում է հանրությանը համոզել, որ մնացած քաղաքական ուժերը՝ հատկապես խորհրդարանական ֆրակցիաները, իշխանական են։

Նրանց մեղադրելով «գրպանային» ընդդիմություն լինելու մեջ՝ ՀՀԿ-ն կարծես շարունակում է «միակը լինելու» քաղաքական հին մտայնությունը, որն այդքան թանկ է արժեցել հայաստանյան քաղաքական դաշտի վրա։ Այդ մտայնությունը, իրենից ներկայացնում է քաղաքական առումով այն «կեղծ» օրակարգը, երբ իշխանության մաս չհանդիսացող ուժերը՝ (խորհրդարանական, թե արտախորհրդարանական) պայքարում էին ոչ թե իշխանություն, այլ ՝ ընդդիմություն լինելու համար։ Ընդդիմություն հռչակվելու համար պայքարի դրոշ բարձրացրած ուժերի հայտարարարությունները նախ փաստացի հղվում են ոչ թե հանրությանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս ճանաչելով որպես իշխանության մարմնացնում։ Նրանք իրանց քաղաքական օրակարգը և քարոզչությունը կառուցում են ոչ թե հասարակության հետ աշխատելու, հանրությանը իրենց գաղափարները բացատրելու և անհրաժեշտ քվե հայցելու վրա, այլ գործող իշխանություններին համոզելու։ Հետևաբար, հենց այդ տրամաբանությամբ՝ գործող իշխանություններն են, որ պետք է  դիտարկեն ու գնահատեն իրենց՝ որպես ապագա խորհրդարանում քաղաքական կարևորություն ներկայացնող ընդդիմություն, որը ունակ կլինի կառուցողական աշխատանք տանել, օժանդակել ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելուն և այլն։

Այսպիսով, «միակ ընդդիմություն» լինելու այս քաղաքական մարտավարությունը, սին է ու ապակառուցողական հենց իր էության մեջ։ Որովհետև այն հին տրամաբանության վերարտադրությունն է, երբ հասարակությունը՝ որպես սուբյեկտ և հիմնական դերակատար, շրջանցվում է։ Այլ կերպ ասած, վերոնշյալ տրամաբանության սահմաններում հասարակությունը կամ ժողովուրդը չի ընկալվում որպես իշխանության ակունք։ Հետևաբար, հասարակության շրջանցումը լիովին տեղավորվում է քաղաքականության մասին նախկին պատկերացումների և խաղի կանոնների մեջ, որոնք բովանդակային առումով հիշեցնում էին ընդամենը քաղաքական առևտուր։ Ըստ էության, այս տեսանկյունից ՀՀԿ-ի ներկայացուցիչները, շեշտելով այն փաստը, որ նշանակովի ընդիմություն չի լինում, ենթագիտակցորեն ձգտում են իշխանության կողմից իրենք «նշանակվել ընդդիմություն», այլ ոչ թե քաղաքական ընդդիմություն ձևավորվել հասարակության երաշխավորությամբ։ 

Գոռ Մադոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am