Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Լիլիթ Մակունցը պարզաբանել է Թովմաս Պողոսյանի բարեգործական համերգի համար ֆինանսական աջակցություն չտրամադրելու լուրերը


ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը պարզաբանում է տարածել  Թովմաս Պողոսյանի բարեգործական համերգի համար ֆինանսական աջակցություն չտրամադրելու լուրերի  վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը պարզաբանել է, որ Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք: «Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը հինգշաբթի էր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ»,- մանրամասնել է Լիլիթ Մակունցը:

Նա հավելել է, որ, միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: «Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր: Առիթն օգտագործելով խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները նախարարություն ներկայացվեն նախատեսվող միջոցառումից առնվազն 2 շաբաթ շուտ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Լիլիթ Մակունցը հերքել է նաև պնդումը, թե  արգելված է նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նա վստահեցրել է, որ նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ