#ԿինոՇաբթի. «Սարդոստայնում խճճված աղջիկը» և ևս 3 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Նոյեմբերի 8-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմեր:
«Սարդոստայնում խճճված աղջիկը»
Երիտասարդ հաքեր Լիսբեթը և լրագրող Մայքլը հայտնվում են լրտեսների, կիբերհանցագործների և կոռումպացված պաշտոնյաների հետ մի անհասկանալի պատմության մեջ: Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի ավարտ կունենա այս խճճված պատմությունը...
Ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ալվարես, դերերում՝ Քլեր Ֆոյ, Սիլվիա Հուկս, Սթիվեն Մերչանտ և այլք:
«Օվերլորդ»
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Երկու ամերիկացի դեսանտներ ներխուժում են գերմանացիների կողմից օկուպացված տարածքներ՝ նրանց ռադիոաշտարակը ոչնչացնելու նպատակով: Ամերիկացիները բախվում են ոչ միայն ֆաշիստների, այլև նրանց փորձերի պարանորմալ հետևանքների հետ…
Ռեժիսոր՝ Ջուլիուս Էյվերի, դերերում՝ Ջոնովան Ադեպո, Ուայաթ Ռասել, Մաթիլդա Օլիվյե և այլք:
«Այլմոլորակային»
Ողբերգական պատահարի արդյունքում հեռավոր մոլորակում է հայտնվում մի տիեզերագնաց: Նրա կյանքը մշտական վտանգի տակ է: Ինչ-որ անհասկանալի մի բան կապ է հաստատում տիեզերագնացի հետ: Այդ պահից սկսած նրա կյանքն ամբողջովին փոխվում է: Եվ նրա ամեն գործողությանը հետևում է ամբողջ աշխարհը: Եվ ոչ միայն մեր աշխարհը...
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Կուլիկով, դերերում՝ Անդրեյ Սմոլյակով, Յուրի Ցուրիլո, Մաքսիմ Վիտորգան և այլք:
«Տիկնիկավարը»
Ֆիլմի հերոսուհին՝ երիտասարդ Լաուրան իր երկու դստրերի՝ Կայլայի և Մեդդիի հետ ուղևորվում է լճափի մոտ գտնվող տուն՝ հանգստի: Ընտանիքի հայրը զբաղվածության պատճառով չի միանում նրանց, բայց խոստանում է աշխատանքն ավարտելուն պես միանալ հարազատներին: Լճափի մոտ գտնվող տուն հանգստի մեկնածներն անգամ չէին կարող մտածել, որ կհայտնվեն հոգեբանական շեղումներ ունեցող մոլագարի ծուղակում:
Ռեժիսոր՝Քուին Լեշեր, դերերում՝ Իվոն Ստրախովսկի, Աննա Պնիովսկի, Ռայան Մաքդոնալդ և այլք:
Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում