Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցին Հայաստանի մասնակցությունը շատ կարևոր դեր կխաղա երկրի համար. Տերտերյան
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) Հայաստանի ծրագրի բացման արարողությունը կազմակերպում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը (ՄՔՄՄԿ/ICMPD) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության հետ համատեղ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն է ներկայացնել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող՝ ERRIN Հայաստան միջկառավարական համագործակցության ծրագրի հիմնական դրույթները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն ընդհանուր մոտեցում է ցուցաբերում բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք վերադառնալու ցանկություն են հայտնում:
«Ներկայիս քաղաքական իրավիճակում՝ արտաքին և ներքին զարգացումների պարագայում, երբ միգրացիոն հոսքերը մեծանում են, դրանք շատ հաճախ անկառավարելի են դառնում և խնդիրներ առաջացնում: Այս պարագայում՝ Վերադարձի և վերաինտեգրման ցանցին մեր մասնակցությունը և այնտեղ ակտիվ դերակատարություն ունենալը շատ կարևոր է երկրի համար: Ուրախ եմ, որ ERRIN-ի հետ կկարողանանք դառնալ այս ամբողջ գործընթացի լիիրավ մասնակիցն ու շահառուն»,- նշեց Տերտերյանը:
Նա շեշտեց, որ իրենք փորձում են կարգի բերել ներքին օրենսդրությունը, իրավական կարգավորումները, նյութատեխնիկական ապահովությունն ու բազան:
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասաց, որ վերջին տարիներին Հայաստանի համագործակցությունը Եվրոպական միության հետ միգրացիոն օրակարգի տեսանկյունից շատ լայն է ու ներառում է բազմաթիվ խնդիրներ:
«Այդ ամենն ամրագրվել է նաև 2011 թվականին Լյուքսեմբուրգում ստորագրված շարժունակության շուրջ գործընկերությամբ, իսկ դրանից հետո Հայաստանում միգրացիային առնչվող շուրջ 20 ծրագիր է իրականացվել: Այդ ծրագրերից շատ կարևոր է առանձնացնել 2016 թվականին սկսված «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագիրը, ինչից հետո նույն տարում Երևանում բացվեց ՄՔՄՄԿ-ն: Գրասենյակը մեծապես աջակցում է միգրացիոն և սահմանապահ ծառայություններին»,- նշեց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այժմ իրենք զբաղվելու են ոչ միայն վերադարձով, այլև վերաինտեգրմամբ: Վերջինս ընդգծեց, որ պետք է կանխարգելել անկանոն և անօրինական միգրացիան և մարդկանց համար հնարավորություններ ստեղծել կանոնավոր և օրինական ձևով իրենց տեղաշարժի իրավունքը իրացնելու հարցում:
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ERRIN ծրագրի ղեկավար Կարել Հոֆստրան և ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը միջոցառման ընթացքում կնքեցին փոխըմբռնման հուշագիր:
Ծրագիրը 15 անդամ երկրից բաղկացած կոնսորցիումի՝ Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի նախաձեռնությունն է, որի առաջատար կազմակերպությունը Նիդեռլանդների Թագավորության արդարադատության և անվտանգության նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայությունն է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության՝ Ապաստանի, միգրացիայի և ինտեգրման հիմնադրամի (AMIF) կողմից:
Ծրագրի ընդհանուր նպատակն է միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացումը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներից կամավոր և/կամ պարտադրված վերադարձող ՀՀ քաղաքացիներին սոցիալ-տնտեսական վերաինտեգրման աջակցության տրամադրումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում