Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լճաշենի մշակույթի տունն արդեն կրում է հանրահայտ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը

Լճաշենի մշակույթի տունն արդեն կրում է հանրահայտ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի 
անունը

ԳԱՎԱՌ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մշակույթի տունն այսուհետ կրելու է հայ անվանի երգիչ, ծնունդով լճաշենցի Րաֆֆի Հովհաննիսյանի անունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լճաշենի համայնքապետարանի աշխատակազմից, գյուղի մշակույթի տունը Րաֆֆի Հովհաննիսյանի անունով կոչվել է համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ:
Մշակույթի տան անվանակոչության արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Արմեն Հովհաննիսյանը եւ ընտանիքի անդամներն ու հարազատները, մայրաքաղաքում բնակվող լճաշենցի հայտնի մտավորականներ, արվեստագետներ եւ մանկավարժներ: Մշակույթի տան մուտքին փակցված հուշատախտակը բացեցին Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի զավակ Արմեն Հովհաննիսյանը: Անվանի երգչի կյանքի անցած ճանապարհը ներկայացրեց ԵՊՀ դասախոս Պապին Մուրադյանը:
«Շատ երկար կարելի է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ուղու մասին, բայց ուզում եմ առանձնացնել երկու կարեւոր հանգամանք՝ կապված այսօրվա միջոցառման հետ: Տեսնելով այս մշակութային մթնոլորտը՝ համոզվում եմ, որ դրանում ծանրակշիռ ավանդ ունի Րաֆֆի Հովհաննիսյանի երգարվեստը: Ես համոզված եմ, որ Լճաշենի յուրաքանչյուր ընտանիքում խոսվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, սերունդներին փոխանցվել նրա թողած հոգեւոր ժառանգությունը, արժեւորվել նրա դերը հայ երգարվեստում: Եվ երկրորդ՝ մշակույթի տան անվանակոչման շնորհիվ բոլորիս ուշադրությունն ավելի կսեւեռվի դեպի մշակույթը, դեպի արվեստը: Մարզում ունենք մշակութային կյանքի պակաս, եւ ես հավատացած եմ, որ նմանատիպ միջոցառումները մեզ կուղղորդեն դեպի մշակութային կյանքի նոր հորիզոններ: Ջերմագին բարեւներ եմ հղում Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքին եւ հպարտանում, որ ունեմ նման հանրահռչակ համերկրացի, ով անուրանալի ավանդ է ներդրել հայ երգարվեստի հարստացման գործում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը հոգու բոլոր թելերով կապված էր հայրենի գյուղի մարդկանց, նրա բնաշխարհին: Նա ուներ երգելու հզոր տաղանդ, բեմական զուսպ պահվածք, մարդկային ամենաբարձր արժանիքները: Նրա երգերից հորդում էր հայրենի եզերքի բույրը: Նա իր անզուգական երգերով լույս ու սեր էր բերում մարդկանց, եւ նրա երգերը ոսկե տառերով գրվեցին հայոց երգարվեստի հարուստ անդաստանում: Այսօրվա անվանակոչության միջոցառումը հարգանքի յուրօրինակ տուրք է մեծանուն երգչի հիշատակին, ում հոգեւոր ժառանգությունը հավերժացել է սերունդների հիշողության մեջ»,- նշեց Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի երգերի կատարումներով հանդես եկան Արմեն Հովհաննիսյանը եւ Լճաշենի արվեստի դպրոցի սաները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am