Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը. ներկա էր քաղաքապետ Հայկ Մարության


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ստեղծագործական խմբին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ հուշակոթողը գալիք սերունդների համար կդառնա 2800-ամյա Երևանի յուրօրինակ խորհրդանիշ:

«Երևան 2800, պատկերացնում եք ինչ հինավուրց, հիանալի ու հազարամյակների պատմություն ունեցող քաղաքում ենք ապրում: Ավելի մեծ նվեր Երևանին՝ չէր էլ կարող լինել: Այս հուշարձանը, բացի նրանից, որ արվեստի գործ է, 2800 տարի անց դառնալու է խորհրդանշական ապացույց մեր ժառանգների համար, որոնք պեղումների միջոցով կգտնեն այն ու կիմանան, որ 2800 տարի առաջ Երևանում ապրել են իրենց պատմությունը հարգող հպարտ և երջանիկ քաղաքացիներ:    Ամենևին էլ պատահական չէ, որ այս հուշակոթողը տեղադրվում է արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Կարապետյանի անվան պուրակում: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոս տղաներին, որոնց շնորհիվ այսօր մենք խաղաղ պայմաններում կարողանում ենք վայելել արևոտ այս օրն ու Երևանի տոնը»,- նշել է Հայկ Մարությանը:

Հուշարձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Հայկ Մարությանին և ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին:

Կյանքի ու կենսատվության խորհրդանիշ հուշարձան-աղբյուրը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևանի հավերժությունը՝ հասկի ձևով: Հուշարձանը զարդարում են ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ  վիշապատեսք զարդաքանդակները, որոնք նաև պաշտպանիչ խորհուրդ ունեն:

Հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Մհեր Սիմոնյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ