Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը ընդունել է ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենին

Զոհրաբ Մնացականյանը ընդունել է ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով 
գործադիր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել այն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ որպես Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենքի՝ նախարար Մնացականյանն արձանագրեց, որ այն նաև կարևոր գործիք է Հայաստանում ընթացող  բարեփոխումները խրախուսելու համար: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր առաջնահերթությունն է ՀԸԳՀ-ի արդյունավետ և գործնական կիրարկման ուղղությամբ կառավարության ռեսուրսների մոբիլիզացումը: Այս առնչությամբ երկուստեք կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը:

 ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված կառուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համատեքստում՝ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների հանձնառությունն ազատ և արդար ընտրական գործընթաց ապահովելու ուղղությամբ՝ միաժամանակ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների և, մասնավորապես, Եվրոպական միության աջակցությունը: 

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցության հեռանկարները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Թոմաս Մայր-Հարթինգը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյանը Թոմաս Մայր-Հարթինգին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնահերթությունները: Երկուստեք ընդգծվեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am