Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը կատարյալ ու անթերի կազմակերպելու համար


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կատարյալ ու անթերի կազմակերպելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում Մակրոնը նշել է, որ իսկական մարտահրավեր էր ունենալ այսքան քիչ ժամանակ և այդքան լավ կազմակերպել ամեն ինչ: «Այստեղ նաև շատ հուզիչ էր փողոցում մարդկանց ընդունելությունը: Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այն թիմին, որն աշխատել է ձեր հիանալի ընդունելության համար, որով մեզ հյուրընկալեցիք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, Մակրոնն ասել է, որ  Ազնավուր լսում է փոքրուց: «Նրա մահից 15 օր առաջ ճաշել ենք միասին: Ես մեծ հիացմունք ունեմ իր հանդեպ: Շատ երգեր կան, որ խորապես սիրում եմ, բայց «Լա Բոհեմ»-ն իմ ամենանախընտրելին է»,- ասել է Մակրոնը:

Երևանում ավարտված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։




Այս թեմայով

... վերջին լուր "Ֆրանկոֆոնիա" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ