Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նորա Ներսեսյանը Հայոց ցեղասպանության թանգարանում ներկայացրեց իր «Որբաքաղաք» գիրքը. նրան շնորհվեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ

Նորա Ներսեսյանը Հայոց ցեղասպանության թանգարանում ներկայացրեց իր 
«Որբաքաղաք» գիրքը. նրան շնորհվեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ պատմաբան, ուսումնասիրող, «Որբաքաղաքը. նպաստամատույց, աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողները»» գրքի հեղինակ  Նորա Ներսեսյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատությունը նվիրված է Հայոց ցեղասպանությունից հետո Ալեքսանդրապոլում (հետագայում՝ Լենինական, այժմ՝ Գյումրի) ստեղծված որբանոցներին ու այնտեղ բնակված շուրջ 20 հազար որբերին: 

Գիրքը ներկայացնում է Ալեքսանդրապոլի նախկին ցարական ռազմական զորանոցներում տեղակայված ամերիկյան որբանոցների 1919-1931 թվականների պատմությունը: Բացառիկ այս աշխատությունը հիմնված է տեղական և միջազգային, անտիպ և տպագիր նյութերի վրա:

Հեղինակը հետազոտություններ է արել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, և գրքի նախաբանում, ցուցաբերած աջակցության, խորհրդատվության համար հայտնում է իր երախտիքի խոսքն՝ ուղղված ՀՑԹԻ աշխատակիցներին:

Գրքի հեղինակ Նորա Ներսեսյանը  նշեց, որ  2012թ.-ի հոկտեմբերին եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: «Այստեղ շատ տեղեկություններ իմացա որբերի մասին և այնուհետև գնացի ազգային արխիվ: Հարցրեցին՝ ի՞նչ տեղեկություններ եք ուզում իմանալ, ասացի՝ ուզում եմ տեղեկատվություն ստանալ որբերի մասին: Հարցրեցին՝ իսկ ավելի հստա՞կ, պատասխանեցի՝ ուզում եմ լսել նրանց ձայները, ուզում եմ իմանալ՝ ինչ էին անում երեխաները այդ գորշ պատերի հետևում, այդ բարաքներում: Արևմտյան Հայաստանից հազիվ գալով՝ ի՞նչ էր իրենց համար նշանակում ապրել բարաքներում: Բարեկամներիցս մեկը ասաց՝ գիտե՞ս մի որբանոց կա Գյումրիում, քեզ կարող է հետաքրքրել: Խոսքը «Թռչունյաց տուն» որբանոցի մասին էր: Նա գիտեր, որ հայրս և հորեղբայրներս ապրել էին Լիբանանի «Թռչնոց բույն»  որբանոցում: Ես շատ պատմություններ էի լսել տատիկիցս: Գյումրու որբանոցը Լիբանանի «Թռչնոց բույն»-ից շատ տարբեր էր, իմ երևակայածից՝ նույնպես: Եվ որքան շատացան պրպտումներս, այնքան ինձ համար պարզ դարձավ, որ Գյումրու որբանոցի նկատմամբ պետք է ունենալ ավելի լայն, ընդարձակ մոտեցում»,- նշեց Նորա Ներսեսյանը:

Հեղինակի խոսքով՝ այդ որբանոցը իր նմանը չուներ աշխարհում: Արևմտյան Հայաստանից Ալեքսանդրապոլ հասած, Ցեղասպանությունից մազապուրծ որբերը պատսպարվել էին  զանազան որբանոցներում, բայց 1919 թ.-ից սկսած՝ Ամերկոմը իրենց հավաքեց ու սկսեց տեղավորել Ալեքսանդրապոլի 3 հսկայական զորանոցներում՝ «Պոլիգոն», «Կազաչի պոստ» և «Սևերսկի» կայաններում:

«Եթե այդ շենքերը մեկ գծի վրա կողք կողքի շարեին, կստացվեր  4,5 կմ հսկայական տարածք:  Երեք զորանոցները միասին կոչվում էին՝ «որբաքաղաք», որտեղ 7000 երեխաներ ապահով կյանք պետք է ունենային: Դրանք հաճախ ներկայացվում էին որպես «դեպի երջանկություն տանող դարպասներ»: 1920-ական թվականներին  «որբաքաղաք» են այցելել բազմաթիվ օտարերկրացիներ՝ այն անձնապես տեսնելու համար: Եկան սենատորներ, կոնգրեսականներ, լրագրողներ, կրթական գործիչներ, պրոֆեսորներ: 1925թ.-ին այցելել է  նաև Ֆրիտյոֆ Նանսենը: Հրավիրվեցին պրոֆեսիոնալ լուսանկարիչներ և ռեժիսորներ, որոնց ֆիլմերը ցուցադրվեցին Նյու Յորքում, Բոստոնում և այլ քաղաքներում»,- նկատեց նա:

«Որբաքաղաքը» գրքի հայերեն թարգմանության առաջաբանի հեղինակ Վարդան Ազատյանի խոսքով՝ հայերեն թարգմանությունը պարզապես անգլերենի վերարտադրությունը չէ, այլ, ինչպես  տիտղոսաթերթում է նշված՝ վերամշակված է, համեմված է նոր փաստերով, ճշգրտումներով:

«Սա կարևոր է, որ պարզապես  թարգմանություն չհամարենք: Նորան առաջին անգամ նյութին անդրադառնալիս  բացել է ամերիկյան արխիվները, և դրանք տրամադրում են բավական հետևողական բառապաշար:  Նաև տերմինաբանական առումով մեծ աշխատանք է տարված»,-ընգծեց Վարդան Ազատյանը:

Ըստ Ազատյանի՝ գիրքը կարևոր է հանրության համար, քանի որ Նորան առաջարկում է քննական կառույց՝ նկատի ունենալով, որ իրողությունները շատ բարդ են, պետք է խիզախություն ունենալ առերեսվելու այն բարդ ժամանակաշրջանին, որտեղ ծավալվել են գրքի իրադարձությունները:

«Նորայի մեծագույն սխրանքն այն է եղել, որ փորձել է լսել որբերին, հասկանալ նրանց մտահոգությունները, բացահայտել նրանց կյանքն ու կենցաղը, որովհետև հաճախ որբերը հանդես են գալիս որպես օբյեկտներ՝ ընդհուպ մինչև փրկության և կարեկցանքի, բայց միևնույն է՝ օբյեկտներ: Առաջին անգամ մեծ քայլ է արված որբին դիտելու որպես սուբյեկտ, որպես մեկը, ով ունի իր կյանքը, իր կենսունակությունը: Շատ կարևոր նյութեր են ծառայել հենց որբերի հուշագրությունները, վկայությունները: Որբի այն կերպարը, որ բացահայտվում է Նորայի գրքում,  բարդ կերպար է, կենսունակ և միաժամանակ՝ ցավը սրտում»,- հավելեց նա:

Գրականագետ Վահրամ Դանիելյանը գրքի մասին գրում է. «Նորա Ներսեսյանի այս գիրքը մեզ է նվիրում Գյումրի քաղաքի պատմության մի մոռացված տասնամյակ: Շատերիս գիտակցության մեջ վերջին քառորդ դարում աղետի գոտի դաջվածքն ունեցող այս քաղաքն ընթերցողին ներկայանում է բոլորովին այլ տեսանկյունից: Բացառիկ այս ուսումնասիրությունը վերակերտում է 1920-ական թվականների Գյումրի-Ալեքսանդրապոլը որպես Որբաքաղաք, ուր խաչվում են տասնյակ հազարավոր հայ երեխաների անհատական ճակատագրերն ու համաշխարհային քաղաքականությունը»:

Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Նորա Ներսեսյանին հանձնեց շնորհակալագիր՝ շեշտելով, որ այն հասարակ թուղթ չէ: «Ապրիլի 24 -ի ծաղիկները, որոնք հավաքվում են, այնուհետև  վերամշակվում են  և չորացվում: Ահա այդ ծաղիկներից էլ այս թուղթն է ստեղծվում»,- ասաց թանգարանի տնօրենը:

Հարություն Մարությանը գրքի հեղինակին հանձնեց նաև «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ՝ Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման գործում ունեցած ավանդի համար:

«Ավրորա Մարդիգանյանը իր  գործը արեց ձեզ հայտնի եղանակով, դուք այդ նույն գործը անում եք արդեն 100 տարի անց, բայց կրկին այդ հարցին անդրադառնալով, և, համոզված եմ՝ գիրքը  կարճ ժամանակ անց ռուսերեն կամ ֆրանսերեն կթարգմանվի»,- նշեց Հարություն Մարությանը:

Նորա ՆՆերսեսյանը 1981-2005թթդասախոսել է Հարվարդի համալսարանում, որտեղ զբաղեցրել է նաև ղեկավար պաշտոն։ Կրթությամբ միջնադարյան Եվրոպայի արվեստի և մշակույթի պատմաբան է, բնակվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Ի թիվս այլ գործերի՝ հեղինակել է Worthy of the Honor (1995) և Against All Odds (2004) աշխատությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am