Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի քաղաքաշինական ոլորտի միջոցառումները

Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի քաղաքաշինական ոլորտի 
միջոցառումները
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի զուգահեռ միջոցառումների շրջանակներում մեկնարկել են Քաղաքաշինության կոմիտեի և «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության քաղաքաշինության ոլորտի համատեղ միջոցառումները:
«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայությունից, այսօր՝ «Մատչելի եւ սոցիալական բնակարանային ապահովումը՝ որպես ազգային եւ տարածաշրջանային ռազմավարական պլանավորման մի մաս» և «Կոշտ թափոնների կառավարման միջոցով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կրճատում» թեմաներով կազմակերպված երկու կլոր սեղաններն անցկացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Կլոր սեղանների ընթացքում քննարկված խնդիրները 2015 թվականին ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընդունած՝ Կայուն զարգացման նպատակների համատեքստում էին: Դրանցից են, մասնավորապես, կայուն քաղաքներ և բնակավայրեր ունենալու, քաղաքների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազեցնելու նպատակները:
Համաժողովի համակարգողներն էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ու «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության նախագահ Մագի Քազալը:
Քաղաքաշինություն, կայուն զարգացման խնդիրներ, սակայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը համաժողովի բացման խոսքում ամենից առաջ անդրադարձել է այս օրերին բոլորիս մտքում գտնվող և բոլորիս հուզած իրադարձությանը. «Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը մեծ ոգևորվածությամբ ընդունվեց, մանավանդ որ սպասվում էր նաև Շառլ Ազնավուրի ժամանումը:
Սակայն ոչ ոք չէր պատկերացնում ինչ է լինելու երկու տարի հետո: Երևի այս ամենի մեջ նաև խորհուրդ կա. հերթական անգամ Ազնավուրի շնորհիվ հասկացանք, որ մենք եվրոպական երկիր ենք»: Կյանքը շարունակվում է՝ փաստել է Կոմիտեի նախագահը, և հիմա, ավելի քան երբևէ, ակնհայտ է դառնում Հայաստանի նվիրվածությունը ֆրանկոֆոն երկրների՝ մարդակենտրոն զարգացման միտումներին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ալեքս Բորտոլան անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի ջերմ և ամուր հարաբերություններին. «Այդ համագործակցությունը պետք է զարգացնել և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համատեքստում առաջ քաշված խնդիրներին հետզհետե լուծումներ գտնել:
Այսօր արդեն մեր երկրները համագործակցում են բնակարանաշինության, կայուն զարգացման և այլ բնագավառներում, որոնք վերաբերում են ոչ միայն քաղաքային, այլև գյուղական բնակավայրերի զարգացմանը:
Կլոր սեղաններին զեկուցողների թվում են եղել ճարտարապետ Դիրան Հարմանդայանը (Լիբանան), Սյուզան Մոննոտը՝ ENSAL-ի դոցենտ (Ֆրանսիա), Տանյա Արզումանյանը և Տիգրան Մանուկյանը (Քաղաքաշինության կոմիտե), Ալեն Ամիրխանյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Սիրեկան Օհանյանը («Երևաննախագիծ»), Զառա Մամյանը (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) և այլք:
Կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, կարևորելով կայուն բնակարանային տնտեսությունը որպես քաղաքային կայուն զարգացման հիմնական բաղադրիչ, խոսեց բնակարանային ֆոնդի, սոցիալական տարբեր խմբերի համար բնակարանային հասանելիության, անկանոն ձևավորված տնակային ավաններում և ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների մասին:
Նա ներկայացրեց երեք հիմնախնդիրների լուծման ուղղությամբ արդեն ընդունված փաստաթղթերով ձևավորված մոտեցումները և իրականացվող աշխատանքերը:
Քաղաքաշինության կոմիտեի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանի զեկույցը ՀՀ-ում հողօգտագործման պլանավորման վերաբերյալ էր: Այն իրականացվում է երեք մակարդակում՝ ազգային, ռեգիոնալ և տեղական:
Հանրապետությունում բնակեցման պիտանելիության տեսանկյունից ունենալով հողային ռեսուրսի որոշ սահմանափակումներ (միայն 56% պիտանի բնակեցման համար)՝ տարածքային համաչափ զարգացման և կայուն քաղաքաշինության քաղաքականության ապահովմամբ արդիական է դարձել տարածքային զարգացման նպատակային ծրագրերի մշակումն և արդյունավետ իրականացումը, մասնավորապես, միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակումը:
Քաղաքաշինության կոմիտեի և ֆրանկոֆոն երկրների քաղաքաշինության ոլորտի կառույցների համագործակցությունը լինելու է շարունակական՝ ուղղված այն խնդիրների լուծմանը, որոնք բարձրաձայնվել են կլոր սեղանների ընթացքում:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի կազմակերպած միջոցառումները եզրափակվելու են հոկտեմբերի 10-ին՝ ֆրանկոֆոն երկրների հայ ճարտարապետների ստեղծագործությունների ցուցահանդեսով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am