Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ

Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման 
գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն նշում է կոմիտեի աշխատողի օրը, որին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կոմիտեի աշխատողներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ և մաղթեց հաջողություններ օրինականության, արդարության հաստատման գործում:

«Նախորդ անգամ ասել եմ՝ պետք չէ թաքցնել այն, որ եղել է հարաբերությունների բարդ շրջան: Այսօր թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, երբ գալիս է փոխվստահության համագործակցության շրջան: Սկսվում է հանրություն- քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց: Տեղյակ եմ՝ վերջին 5 ամիսներին քննիչները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Շնորհակալություն եմ հայտնում, որ չեք զլանում, ըմբռնումով եք մոտենում իրավիճակին: Ձեր պատրաստակամությունը կապված է այն իրողության հետ, որ գործերին քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև դրանք բացառված են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ բացառված է, երբ իրավական հիմքերը կան, սակայն անձը պատասխանատվության չի ենթարկվում քաղաքական միջամտության պատճառով: Նա ընդգծեց, որ բացառված է անմեղ քաղաքացին ենթարկվի հետապնդման որևէ  միջամտության պատճառով:

«Կա այսպես ասած բարիկադներ կառուցելու կամ դրանք ապամոնտաժելու ժամանակ: Մենք մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ճանապարհին: Արտահերթ ընտրությունները կլինեն այդ սահմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևոր համարեց Հայրենիքին ծառայելու գործում՝ պրոֆեսիոնալների ներգրավումը, անկախ նրանից, թե այդ անձը ինչ քաղաքական թիմում է աշխատել:

«Մարդկանց գնահատելիս ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը: Բոլոր մարդիկ նույնը չեն, չի կարելի որևէ մի ոլորտ կամ ոլորտի մարդկանց մասին դատել այդտեղի նեգատիվ օրինակները աչքի առաջ ունենալով: Փորձենք յուրաքանչյուր ոլորտից ընդգծել դրական երևույթները: Երբ ասում եմ, որ բարիկադները ապամոնտաժելու ժամանակն է, ապա դա նշանակում է, որ կա բաց հրավեր բոլոր քաղաքացիներին՝ պրոֆեսիոնալ մարդկանց ներգրավելու պետականաշինության գործում: Համոզված եմ՝ պետական մարմիններում և դրանից դուրս կա այդ ներուժը: Այդ ներուժը կա այն քաղաքական ուժերում, որոնք հայտնվել են բարիկադներից այն կողմ: Ովքեր ունեն պրոֆեսիոնալ հատկություններ, կհրավիրվեն երազանքների երկիր կառուցելու գործում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

2015 թ. սեպտեմբերի 25-ին կառավարության նիստում որոշվել է, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի 8-ը նշել որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am