Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը. նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը. նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հոկտեմբերի 4-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման վայրում՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտոնական պատվիրակություններին դիմավորելու փորձնական արարողություն, որում ներգրավված էին ոստիկանության և անվտանգության աշխատակիցներ, ՊՆ պատվո պահակախումբը, պաշտոնական պատվիրակություններին ուղեկցող վարորդները, ԱԳՆ աշխատակիցները:

Փորձին ներկա էին նաև ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության թղթակիցների հետ զրույցում ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրը պաշտոնական պատվիրակությունների դիմավորման արարողության մանրամասները: Բոլոր պատվիրակությունները գագաթնաժողովի անցկացման վայր են ժամանելու իրենց հատկացված ավտոմեքենաներով, բոլոր ավտոմեքենաներում լինելու են անվտանգության աշխատակիցներ: Պատվիրակությունների անդամները իրենց հյուրանոցներից Մարզահամերգային համալիր կշարժվեն ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ, այդ ընթացքում փակ կլինեն բոլոր ճանապարհները, որոնցով անցնելու են տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչները: Պատվիրակություններին տրամադրված ավտոմեքենաները հերթով, առանց միմյանց խանգարելու կանգնելու են Մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ նրանց դիմավորելու է պատվո պահակախումբը: Ավտոմեքենայից իջնելուց հետո պատվիրակությունների անդամները կանցնեն կարմիր գորգի վրայով, ներս կմտնեն, որտեղ էլ նրանց կդիմավորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն ու նրա ամուսինը: Երբ բոլոր պատվիրակությունները ժամանած կլինեն Մարզահամերգային համալիր, տեղի կունենա ընտանեկան լուսանկարի արարողություն, ինչից հետո պատվիրակությունները կուղևորվեն դահլիճ, որտեղ էլ կկայանա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությունը:

«Պատվիրակություններին դիմավորելու արարողությունը պետք է լինի ներդաշնակ: Հիմա այստեղ մենք այդ փորձն ենք կատարում: Երբ պատվիրակությունների անդամները կիջնեն ավտոմեքենայից, այն անմիջապես դուրս կգա տարածքից, որից հետո հաջորդ ավտոմեքենան կգա, և այդպես շարունակ: Այդ ամբողջը կատարվում է կապի միջոցով:  Մենք քաղաքի տարբեր կետերում ունենալու ենք աշխատակիցներ: Շարասյունը հենց անցավ, աշխատակիցները տեղեկատվությունը փոխանցում են կենտրոնական արարողակարգին: Այսինքն, բոլոր ծառայությունները՝ արարողակարգը, ոստիկանությունն ու անվտանգությունը միաժամանակ պետք է կապի մեջ լինեն»,- մանրամասնեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ղեկավարում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը    «Արմենպրես»-ի  և Հանրային հեռուստաընկերության թղթակիցների հետ զրույցում նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքում իրականացվել է բավականին մեծ ծավալի աշխատանք: «Ես ցանկանում եմ անկեղծ գոհունակություն և շնորհակալություն հայտնեմ մեր շտաբի թիմին: Հիմա արդեն վերջնական փորձերն ենք իրականացնում հյուրերի դիմավորման: Որոշ շտկումների կարիք կա, բայց ընդհանուր առմամբ շատ բարձր մակարդակի միջոցառումներ են սպասվում»,- նշեց փոխվարչապետը:

Նա ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է աննախադեպ միջոցառում, որի շատ նյուանսներ չի ցանկանում հրապարակել, որպեսզի հետաքրքրությունն ավելի մեծ լինի: «Արդեն գիտեք, որ 40-ից ավել երկրների ղեկավարների մակարդակով ընդունելություն ենք ունենալու: Բոլոր բաժանումները իրականացված են, ժամերը ֆիքսված են, բոլոր փողոցները,որոնցով հյուրերը պետք է տեղաշարժվեն, փակվելու են: Ես ցանկանում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը խնդրել դրա համար: Եվ այդ իսկ պատճառով մենք հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր ենք հայտարարել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Երևանում փայլուն միջոցառում է սպասվում: Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ, ընդհանուր առմամբ հպարտ ենք լինելու նրա համար, ինչ տեղի է ունենալու մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին:

Փոխվարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: «Հայաստանը միշտ պատրաստ է նման միջոցառումների: Եվ ես կարծում եմ, որ կազմակերպչական առումով թիմը իրապես շատ պատրաստված է, և ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին, որը իրապես շատ բարձր և պրոֆեսիոնալ մակարդակի է արել ամեն ինչ»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումները Երևանում կմեկնարկեն հոկտեմբերի 7-ից, իսկ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-ին և 12-ին: Գագաթնաժողովի օրերը ՀՀ-ում կլինեն ոչ աշխատանքային:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am