Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտահերթ ընտրություններն այլևս կենսական անհրաժեշտություն են

Արտահերթ ընտրություններն այլևս կենսական անհրաժեշտություն են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքն անմիջապես Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգի հիմնական հարցը դարձրեց խորհրդարանի արտահերթ ընտրությունը։ Թվում էր՝ քաղաքական բանակցությունների արդյունքում հնարավոր էր լինելու առանց ավելորդ լարվածության, համերաշխության մթնոլորտում ապահովել նոր ԱԺ-ի ձևավորումը։ Սակայն բանակցություններ սկսելու վարչապետի հանձնառությունը զարմանալիորեն հանդիպեց ԱԺ-ի երեք ուժերի անադեկվատ պահվածքին։ Բանակցությունների ձախողումը, արդ, ոչ այնքան կողմերի լիովին հակամետ դիրքավորումն էր, որքան քաղաքական իրավիճակի տարամետ գնահատումը։ Այսինքն՝ կողմերը չէին բանակցում ընդհանուր օրակարգի շուրջ և, ըստ էության, խոսում էին տարբեր լեզուներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Նյու Յորքից հայտարարելով արտահերթ ընտրությունների շուրջ բանակցությունների մասին, պարզորեն ցույց տվեց, որ իշխանության համար հարցն այլևս քաղաքական առաջնահերթություն է։ Եվ սա լիովին բնական էր՝ հաշվի առնելով ոչ միայն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների տպավորիչ արդյունքները, այլև ընտրարշավը՝ իր ընդհանուր էությամբ։ Դեռևս ընտրարշավի մեկնարկին ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի մասնավոր հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրության հրապարակումը արդեն իսկ փաստեց, որ իրավիճակը կարող է ցանկացած պահի լարվել հսկայական ռեսուրսների տիրապետող կոնկրետ շրջանակների կողմից՝ ընդհուպ մինչև պետությանը լրջագույն վնաս հասցնելու գնով։ Իրավիճակից հապշտապ կերպով օգտվեցին հանրապետականները՝ ԱԺ-ում ստեղծելով Քննիչ հանձնաժողով և դա արդարացնելով մի անհեթեթ հիմնավորմամբ, թե իբր հանձնաժողովի խնդիրներից մեկն էլ ձայնագրողին բացահայտելն էր։ Ըստ էության, պարզ դարձավ, որ հակապետական կոնկրետ արարքը ոչ թե հանդիպում է խորհրդարանականների հստակ ու սկզբունքային դատապարտմանը, այլ օգտագործվում է որպես առիթ գործադիր իշխանության դեմ քայլեր ձեռնարկելու համար։

Իշխանության արագ և ինչ-որ տեղ տրամաբանական զգացմունքային արձագանքը չընդունվեց «Ազգային համաձայնության կառավարության» մաս կազմող ուժերի կողմից։ Վերջիններս ոչ միայն չներդաշնակեցին իշխանության տրամաբնությանը, այլև սկսեցին «քաղաքականություն խաղալ» և նույնիսկ պատասխանել վարչապետի հայտարարություններին՝ չգիտես ինչու դրանց տակ իրենց ուղղված ակնարկներ տեսնելով։ Այս տեսանկյունից հատկապես տարակուսելի էր ԲՀԿ-ի թեկնածուի արձագանքը, որն ընտրությունները փորձում էր ներկայացնել որպես կենաց մահու պայքար։ Եվ այս «դաշնակիցները» ակներևաբար չնկատելու տվեցին պետության դեմ ուղղված այն դավադիր ականը, որ իրենից ներկայացնում էր գաղտնի ձայնագրության հրապարակումը։ Այս ուժերի համար դա, թվում է, բնական էր, դեռ ավելին՝ հարմար իրավիճակ էր առաջացել օգտվել դրանից ու հարվածներ հասցնել իշխանությանը։ Եվ ահա նման պայմաններում վարչապետը համոզվեց, որ նախ՝ հակառակորդներն իշխանության համար պայքարում կանգ չեն առնի անգամ պետությանը հարվածելուց, ապա՝ ներկայիս դաշնակիցներն էլ իրենց հերթին չեն կանգնի իր կողքին և անգամ չեն հապաղի մի կաթիլ «թույն» անձամբ ավելացնել մատուցվող բաժակին։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում իշխանության տրամաբանական շահագրգռվածությանը հակադրվեց ԱԺ-ի երեք խմբակցությունների նույնքան տրամաբանական դժկամությունը։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն այս ուժերի համար խիստ աննպաստ դասավորվեցին երկու հանգամանքով։ Խոսքը նախ վերաբերում է արդար, ազատ ու մրցակցային ընտրությունների անցկացման փաստին, երբ մասնակից ուժերն իրենց քաղաքական ջանքով է, որ պետք է ընդունելի դառնային ընտրողի համար և ձայն վաստկեին։ Սա չափազանց լուրջ խնդիր էր նախորդ շրջափուլի քաղաքական համակարգում թրծված ու անձնական պայմանավորվածություններով քաղաքական գործունեության իմիտացիայում պրոֆեսիոնալ դարձած ուժերի համար։ Այդ համատեքստում ՀՀԿ-ն, հրաժարվելով մասնակցել ընտրություններին, մատնեց իր բնական վախն ու անհարմարությունը ազատ մրցակցային պայքարից, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, մասնակցելով հանդերձ ընտրապայքարին, ակնհայտորեն շփոթի մեջ էին՝ չիմանալով իրենց անելիքը։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է արդեն ընտրությունների անակնկալ արդյունքներին։ Դրանք ապացուցեցին, որ նշյալ ուժերը ոչ միայն անխուսափելիորեն կորցնելու են ԱԺ-ում ներկայիս դիրքերը, այլև անգամ կրող են կանգնել խորհրդարանում չհայտնվելու փաստի առաջ։ Ուստի, նրանք այլևս ինքնստինքյան շահագրգռված չէին արտահերթ ընտրություններով, ինչը սպասելի էր նեղ-կուսակցական շահերի տեսանկյունից։

Եվ ահա բանակցությունների գալով արտահերթ ընտրությունների օրակարգով՝ ԱԺ-ի երեք խմբակցությունները ձգտում էին առավելագույնը տապալել խորհրդարանի լուծարման օրակարգը, իսկ նվազագույնը՝ կանխել արտահերթ ընտրությունների անցկացումը 2018թ․։ Քաջ գիտակցելով, որ կառավարության առաջ խոչընդոտներ հարուցելու պարագայում վարչապետը կարող էր ցանկացած պահի հրաժարական տալ ու արտահերթ ընտրությունները գործնական հողի վրա դնել առանց նշյալ ուժերի ցանկության, փորձեցին նաև կանխել այդ տարբերակը։ Փաստորեն, ԱԺ-ի երեք խմբակցություններն արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելուն զուգահեռ ներդրեցին մի մեխանիզմ, որով փակվում էր այդ ընտրությունների անցկացման միակ սահմանադրական ուղին։ Այստեղ էր, որ առաջացավ անհեթեթ իրավիճակ, քանի որ բանակցությունները տրամաբանորեն նրա համար են, որ խնդիրներ լուծեն, և եթե դրանց ընթացքում կողմերից մեկն արհեստականորեն ստեղծում է նոր խոչընդոտ, այդ դեպքում ինչի՞ համար են բանակցությունները։ Այս հարցի պատասխանը շատ արագ գտավ հենց վարչապետը՝ տեսնելով, որ ԱԺ-ի երեք խմբակցությունների հետ ազնիվ բանակցությունները դատապարտված են և անխուսափելիորեն վերաճելու են ժամավաճառության ու պրիմիտիվ սակարկությունների։ Արձանագրենք՝ ԱԺ-ի մեծամասնությունը հրաժարվեց խաղալ արդար խաղի (fair play) կանոններով՝ բանակցությունները դարձնելով ինքնանպատակ։

Այսպիսով, արտահերթ ընտրությունների շուրջ բանակցությունները ձախողվեցին այն պարզ պատճառով, որ վարչապետը փորձում էր հասնել դրանց իրագործմանը, իսկ ԱԺ-ի մեծամասնությունը՝ տապալմանը։ Երկու կողմերը, ըստ այդմ, խոսում էին տարբեր լեզուներով՝ տրամագծորեն հակառակ նպատակներ ունենալով։ Խնդիրը ո՛չ ընտրությունների ժամկետներն էին, ո՛չ էլ դրանց անցկացման պայմանները։ Նախորդ տասնամյակներում քաղաքական գործունեությունը բացառապես նեղ ու սակարկային պայմանավորվածությունների շրջանակներում ընկալող ուժերի համար այժմ նոր ու անծանոթ իրավիճակ է, որից շարունակ խուսանավում են և կրկին ու կրկին վերադառնում հին մեթոդներին։ Իսկ վերջիններն այլևս ժամկետանց են, անարդյունավետ ու անկարող աշխատելու նոր իրավիճակում՝ հարուցելով ներքաղաքական անհարկի լարվածություն։ ԱԺ-ի երեք խմբակցությունները, այսպիսով, ուղղակիորեն հասունացրին արտահերթ ընտրությունները։ Նրանք՝ իրենց իսկ գործողություններով, այլևս այլընտրանք չթողեցին՝ փաստելով, որ շուտափույթ ընտրությունները վերածված են կենսական անհրաժեշտության։ 

Նժդեհ Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am